Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց առանձին քննել Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործերը


Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը դատարանում, արխիվ:
Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը դատարանում, արխիվ:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այսուհետ առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Ծանր հոդվածներով մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավորն այսօր կրկին բժիշկների ու խնամակալի ուղեկցությամբ անվասայլակով ներկայացավ դատարան։ Սակայն նիստի մեկնարկից րոպեներ անց պնդեց, որ վատ է զգում, ու նրան կրկին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, որտեղ արդեն ամիսներ շարունակ բուժում է ստանում։

Գրիգորյանը տասնյակ նիստերին չի ներկայացել՝ պատճառաբանությամբ, որ վատառողջ է։ Վերջին մի քանի նիստերին նա բժիշկների ուղեկցությամբ ներկայանում էր, սակայն նիստի մեկնարկից րոպեներ անց տեղափոխվում էր հիվանդանոց։

Դատավորի որոշումը, սակայն, վրդովեց պաշտպանական կողմին. - «Նման պայմաններում մենք ունենք դիրքորոշում, ցանկանում ենք այդ դիրքորոշումը հայտնել՝ թեպետ նախագահող դատավորն արդեն իր որոշումը կայացրել է»:

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ, «Ազատության» հետ զրույցում ևս դժգոհեց դատավորի կայացրած որոշումից:

«Պարզ է, որ չեմ կարող գոհ լինել», - ասաց նա: - «Եթե մեկ նիստը դատական պրոցեսով նշանակվում է դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ 17-ին, դա արագացվա՞ծ պրոցես է»:

Ազգային ժողովի նախկին պատգամավորի պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ միջնորդեց մինչև 5 միլիոն գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին:

«Գրիգորյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը չփոխելը նման պայմաններում դատարանի կողմից դիտում ենք անօրինական և խոշտանգում՝ բոլոր իրավական հետևանքներով», - ասաց փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը:

Հաշվի առնելով, որ պաշտպանները դատավարության նույն փուլում գրեթե ամեն շաբաթ Գրիգորյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում, դատարանը գտավ, որ սա պարունակում է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահման տարրեր։

«Այս հանգամանքները հաշվի առնելով, գնահատելով որպես ոչ ժամանակին հարուցված միջնորդություն, պարբերաբար միևնույն հիմքերով, միջնորդությունը չի քննարկվի: Եվ եթե նույն հիմքերով կրկին ներկայացվեն, կրկին չի քննվելու», - հայտարարեց նախագահող դատավորը:

Հունվարից կալանքի տակ գտնվող 63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

XS
SM
MD
LG