Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը եզրակացրել է՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ


Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանում, արխիվ
Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանում, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացրել է, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին։ Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։

Հանձնաժողովի եզրակացությունը այսօր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ ընթերցեց դատավորը․ - «Ներկայումս վերը նշված ախտորոշման մեջ արտացոլված հիվանդությունները և նրանց բարդությունների արտահայտման աստիճանները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 829 որոշման երկրորդ հավելվածով նախատեսված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (ըստ Հիվանդությունների և առողջության հետ կապված 10-րդ վերանայված վիճակագրական դասակարգչի) հիվանդության ծանրության աստիճանը բնորոշող ախտանիշներով և ֆունկցիոնալ խանգարումներով այդ ցանկում ներառված որևէ կետի: Ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է բուժումները ստանալ Հայաստանի Հանրապետության որևէ հիվանդանոցում՝ հագեցած մասնագիտական ծառայություններով, իսկ քրեակատարողական հիմնարկում կարող է նման բուժումներ ստանալ, եթե քրեակատարողական հիմնարկն ապահովված լինի բոլոր նշյալ պայմաններով»:

Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ Գրիգորյանի հիվանդություններում բացասական դինամիկա է նկատվում, կյանքին սպառնացող ռիսկեր կան, սակայն համապատասխան բուժման և սննդակարգի պահպանման պայմաններում հնարավոր է, որ այդ ռիսկերը լինեն նվազագույն:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակվել էր դեռ երեք ամիս առաջ։ Հանձնաժողովի կազմում 7 փորձագետներ էին, որոնցից մեկը միայն՝ պաշտպանական կողմի միջնորդությամբ ներգրավված ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը, ով ութ տարի բուժել է Մանվել Գրիգորյանին, համաձայն չի եղել ներկայացված եզրակացությանը։ Իր եզրակացությունում Ավետյանը գրել է, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդեց, որ փորձագետները հրավիրվեն դատարան՝ հարցաքննության, քանի որ պաշտպանական կողմի համար եզրակացությունը բավարար չափով պարզ չէ և ունի բացեր։ Նա հերթական անգամ ներկայացրեց նաև Գրիգորյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն։

Միջնորդությունների քննարկումը հետաձգվեց։

Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Գեներալը առողջական վիճակի պատճառաբանությամբ չի ներկայանում արդեն տասից ավելի դատական նիստերի: Դատարանը գրությամբ կդիմի «Նաիրի» բժշկական կենտրոն, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի ամբաստանյալի ներկայությունը։

63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ 52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:

XS
SM
MD
LG