Մատչելիության հղումներ

Գրիգորյանի պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի այսուհետ դատական նիստերը հիվանդանոցում անցկացվեն


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդեց, որպեսզի այսուհետ հենց հիվանդանոցում դատական նիստերն անցկացվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում և իր ու կնոջ գործով դատական նիստերից բացակայում է։

«Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու հետ կապված խնդիր ունի, շնչառության հետ կապված խնդիր ունի, բայց միջնորդում եմ, քննարկեք այդ միջնորդությունը՝ գնանք և արդարադատություն իրականացնենք հիվանդանոցային պայմաններում, այնքանով, որքանով որ այս տևական դատական նիստերը, որ արվում են, ըստ էության, արդարադատություն ենք իրականացնում, չի ստացվում անձի չներկայացվելով։ Ես առաջ ընկնելով ասեմ, որ համոզեցինք պարոն Գրիգորյանին, որ գա, դրանից հետո բժիշկի հետ կապված տհաճ խոսակցություն եղավ։ Այսօր հիվանդասենյակում է գտնվում, միջնորդում եմ՝ հենց դատապրոցեսը այնտեղ անել», - ասաց Բաղդասարյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդության քննությունը հետաձգեց՝ մինչև Մանվել Գրիգորյանին միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ձևավորված հանձնաժողովը կներկայացնի եզրակացություն։ Դատավորն ասաց՝ եզրակացությունը դեռ պատրաստ չէ, սակայն ենթադրվում է, որ ավարտման փուլում է։

Հիշեցնենք, երկու ամսից ավելի է, ինչ հանձնաժողովը ձևավորվել է, որը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա, մասնավորապես՝ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի՞ են կալանքի հետ, թե՞ ոչ։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ միջնորդություն ներկայացրեց մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։

«Ես ամենօրյա ռեժիմով այցելում եմ Մանվել Գրիգորյանին, առնվազն կարելի է ասել էս կալանքի մեկ յոթերորդը ես նրա հետ միասին կրել եմ, և ես տեսնում եմ անզեն աչքով, տեսնում եմ, որ էս մարդը, որը իր ոտքով ներկայացվել է կալանավորելու այսօր հաղորդակցվելու, ես չեմ ասում քայլելու, ես չեմ ասում ինքնուրույն այլ շարժումներ կատարելու, նա հաղորդակցվելու արդեն խնդիրներ ունի», - ասաց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց՝ Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում Հայաստանի լավագույն հիվանդանոցներից մեկում և որ հիվանդանոցի ընտրությունը հենց Գրիգորյանն է կատարել։

Դատավորն այսօր հայտարարեց նաև՝ եթե անձը առողջական վիճակի պատճառով բացակայում է դատական նիստերից, չի բացառվում, որ քրեական գործից առանձնացվի Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի մեղադրանքի մասը։

Նա մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

XS
SM
MD
LG