Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին երեկ ուշ գիշեր Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով հավելեց, որ պաշտպանական կողմի համար կանխատեսելի էր Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը։
Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանական կողմը ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։
62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Գեներալի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը մեկնարկել է անցած ամիս:
Տե՛ս նաև այստեղ