Վաղը Սպիտակ տանը կայանալիք Թրամփ-Էրդողան բանակցությունների հիմնական թեման լինելու է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը: Վաշինգտոն մեկնելուց առաջ այսօր Անկարայի օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներից կազմված ահաբեկչական կառույցի դեմ պայքարի հարցը վաղվա բանակցությունների օրակարգում առաջնայիններից է լինելու: Մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել Փենսիլվանիայում բնակվող ահաբեկչի արտահանձնմանը հասնելու համար: Հեղաշրջման կազմակերպիչները պետք է պատասխան տան օրենքի առջև: Մենք այս խնդրում հաստատակամ ենք», - հայտարարում էր Էրդողանը:
Պաշտոնական Անկարան պնդում է, որ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված անհաջող ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը 90-ականների վերջից Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ, «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլահ Գյուլենն է: Արդեն երրորդ տարին է, որ Անկարան փորձում է Վաշինգտոնին ստիպել արտահանձնել Գյուլենին, սակայն այս խնդրի շուրջ բանակցությունները մեկնարկից քիչ անց հայտնվեցին փակուղում:
Մյուս թեման, որին չորեքշաբթի օրը Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների ընթացքում անդրադառնալու են Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը, Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ շրջաններում ստեղծված կացությունն է:
Թուրքիայի նախագահը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հայտարարում էր, որ ամերիկացիներն ու ռուսները չեն կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել են Անկարայի հետ բանակցությունների ընթացքում:
«Այս պահին հնարավոր չէ խոսել այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները դուրս են բերվել թուրք-սիրիական սահմանային գոտուց: Ոչ Ռուսաստանը և ոչ էլ Ամերիկան նախանշված ժամկետներում այդ տարածքները ահաբեկիչներից չեն զտել», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը` նշելով նաև, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից հետո պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ:
Ռեջեփ Էրդողանն այսօր նաև նշում էր, որ Թուրքիան շարունակելու է արտաքսել «Իսլամական պետություն» խմբավորման այն զինյալներին, որոնք երրորդ, նախևառաջ արևմտյան պետությունների քաղաքացիներ են հանդիսանում և Սիրիային սահմանամերձ գոտում գերեվարվել են թուրքական բանակի կողմից: Նախօրեին Թուրքիան արդեն իսկ վտարել է Դանիայի և Գերմանիայի մեկական քաղաքացիների: Ամերիկյան անձնագիր ունեցող իսլամիստի արտաքսումը, սակայն, բարդությունների է բախվել: Էդիրնե քաղաքից ոչ հեռու գտնվող սահմանային անցակետերից մեկում Թուրքիան ամերիկացի իսլամիստին փորձել է հանձնել Հունաստանի իշխանություններին: Հունական կողմը ամերիկացուն չի ընդունել, ինչի հետևանքով սիրիական պատերազմի ենթադրյալ ահաբեկիչը հայտնվել է չեզոք գոտում:
Ստեղծված կացությունը, այդուհանդերձ, Թուրքիայի նախագահին կարծես առանձնապես չի հուզում: «Ինձ բացարձակապես չի մտահոգում այն իրողությունը, որ «Իսլամական պետության» անդամը մնացել է սահմանին: Մենք շարունակելու ենք արտաքսել զինյալներին առանց խորանալու` արդյոք այս կամ այն պետությունը նրանց ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում», - հայտարարում էր Էրդողանը:
Անկարայի օդանավակայանում կայացած այսօրվա ասուլիսը Թուրքիայի նախագահն օգտագործեց նաև Եվրամիության հասցեին կոշտ քննադատություն, անգամ գրեթե անթաքույց սպառնալիքներ հնչեցնելու նպատակով: Առիթը Կիպրոսի ծովային տարածքում գազի արդյունահանմանն ուղղված Թուրքիայի գործողություններն են, որոնք եվրոպական կառույցներն անօրինական են որակում` չբացառելով անգամ Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառումը:
«Ա՛յ ԵՄ, Թուրքիան ձեր իմացած պետություններից չէ: Մենք գուցեև այսօր բանակցում ենք ձեզ հետ, բայց այդ բանակցություններն անսպասելի կերպով կարող են ընդհատվել: Ես նախկինում էլ ասել եմ` Եվրոպա տանող դռները կբացվեն, և «Իսլամական պետության» անդամները կուղարկվեն ձեզ մոտ, և դուք այդ ամենի հետ ստիպված կլինեք միայնակ առնչվել: Մի փորձեք Կիպրոսի հարցում սպառնալ Թուրքիային», - հայտարարում էր Էրդողանը: