Վաշինգտոնն ու Անկարան պաշտոնապես հաստատում են` հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ կանցկացնի իր ամերիկացի պաշտոնակցի հետ:
Առաջիկա այցի ժամկետների և օրակարգի մասին պայմանավորվածությունները նախագահներ Թրամփը և Էրդողանը ձեռք են բերել չորեքշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին Թրամփը գրել էր Twitter-ի իր էջում:
«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ գերեվարվել են «Իսլամական պետության» բազմաթիվ զինյալներ, որոնց հակամարտության ընթացքում հաջողվել էր փախուստի դիմել, այդ թվում ահաբեկիչ և մարդասպան Ալ Բաղդադիի կինն ու քույրը», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը` հավելելով, - «Խոսել ենք նաև Սիրիայի հետ սահմանին տիրող իրավիճակի, ահաբեկիչների դեմ պայքարի, քրդերի հետ բախումներին վերջ տալու և բազմաթիվ այլ հարցերի մասին: Հաջորդ չորեքշաբթի` նոյեմբերի 13-ին, անհամբերությամբ կսպասեմ նախագահ Էրդողանին Սպիտակ տանը»:
Միացյալ Նահանգների նախագահի հետ հեռախոսային բանակցությունների մասին այսօր առավոտյան, պաշտոնական այցով Հունգարիա մեկնելուց առաջ, Անկարայում խոսեց նաև Թուրքիայի ղեկավարը:
«Երեկ երեկոյան հեռախոսազրույց ունեցա նախագահ Թրամփի հետ և մենք հաջորդ շաբաթ բանակցություններ կունենանք արդեն Վաշինգտոնում», - նշում էր Թուրքիայի ղեկավարը:
Ավելի վաղ,Twitter-ում արված գրառմամբ Թուրքիայի նախագահը որոշ մանրամասներ էր հաղորդել Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին` այն արդյունավետ որակելով:
«Ես հավատացած եմ, որ այսօրվա մեր հեռախոսազրույցը նոյեմբերի 13-ին նախատեսված ամերիկյան այցի ընթացքում դրական արդյունքների կհանգեցնի թե՛ երկկողմ հարաբերությունների և թե՛ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից», - գրել է Էրդողանը՝ նշելով նաև, - «Այս հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկեցինք այն քայլերը, որոնք ձեռնարկելու ենք բազմաթիվ ասպարեզներում, մասնավորաբար ահաբեկչության դեմ պայքարում և երկկողմ առևտրի ոլորտում նախանշված նպատակներին հասնելու խնդրում», - գրել է Էրդողանը:
Հիշեցնեմ, որ վերջին օրերին թուրքական և ամերիկյան աղբյուրները չէին բացառում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հրաժարվել Վաշինգտոն մեկնելու գաղափարից` Ներկայացուցիչների տան կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ բողոքելով: Այժմ արդեն այդ անորոշությունը կարծես հաղթահարված է. դա, սակայն, չի նշանակում, որ Թրամփի և Էրդողանի բանակցությունները դյուրին ընթացք են ունենալու: Դա պարզ դարձավ Թուրքիայի նախագահի` ամերիկացիների հասցեին այսօր հնչեցրած քննադատությունից:
«[քրդական] «Ժողովրդական պաշտպանության ուժերն» ու «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, «Իսլամական պետությունը», Քրդական բանվորական կուսակցությունը` այս բոլոր ահաբեկչական կազմակերպությունների զինյալները 120 ժամվա ընթացքում պետք է հեռացվեին այս տարածաշրջանից: Միացյալ Նահանգները, սակայն, իր այդ խոստումը չի կատարել: Ավելին, քրդական ուժերը շարունակում են հարձակումներ գործել մեր աջակցությունը վայելող ջոկատների վրա: Այսօր միայն Սիրիայի ազգային բանակի 11 մարտիկ է սպանվել», - հայտարարում էր Էրդողանը: