Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը վերստին զգուշացնում է Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Վաշինգտոնը վերստին զգուշացնում է՝ պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերից:

«Ռուսական զենքը տեղ չունի ՆԱՏՕ-ում, այս հարցը մեզ շատ է մտահոգում», - CBS-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, ընդգծելով՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է քննարկել այս հարցը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Եթե Թուրքիան չհրաժարվի S-400-ներից, ամենայն հավանականությամբ կենթարկվի պատժամիջոցների: Սահմանափակումների մասին որոշումը Կոնգրեսում վայելում է երկու կուսակցությունների աջակցությունը և կընդունվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Թուրքիան կզգա՛ այդ պատժամիջոցների ազդեցությունը», - հայտարարել է Օ՛Բրայենը:

Չնայած Վաշինգտոնի՝ նախկինում արված բազմակի զգուշացումներին, Անկարան շարունակում է պնդել, թե ռուսների հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ, և անցած հուլիսին արդեն իսկ ստացել է համակարգերի առաջին մասնաբաժինը: Մյուս կողմից, ինչպես արևմտյան լրատվամիջոցներն են փաստում, թուրքական կողմը չի ակտիվացրել դրանց մարտկոցները, և Վաշինգտոնում դեռ հույս ունեն, որ կարող են համոզել դաշնակցին հրաժարվել ռուսական համակարգերից:

«ՆԱՏՕ-ում S-400-ների ու ռուսական զենքերի համար տեղ չկա, և նախագահ Թրամփը պատրաստվում է այս ուղերձը շատ հստակ փոխանցել Էրդողանին, երբ նա կլինի այստեղ՝ Վաշինգտոնում», - ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Ամերիկյան հեռուստաընկերությունը փաստել է՝ ռուսական զենքի ձեռքբերումը Թուրքիայի նախագահի միակ աղմկահարույց որոշումը չէ, «Էրդողանը մարտահրավեր է նետում Ամերիկային, ձեռք է բերում ռուսական զինատեսակներ, հարձակվում է Նահանգների դաշնակից քրդերի վրա և անում այն ամենը, ինչ որ դուք խորհուրդ չեք տալիս, ինչո՞ւ է նա պարգևատրվում այդ վատ պահվածքի համար», - հարցրել է CBS-ի մեկնաբանը:

Արձագանքելով այս պնդումներին, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծել է՝ Ամերիկան ուզում է պահպանել հարաբերությունները Անկարայի հետ, սակայն շատ բան կախված է այս շաբաթ կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպումից:

«Մենք պետք է դեռ սպասենք՝ տեսնելու, թե ինչ է տալիս այս շաբաթ նախագահ Էրդողանի հետ կայանալիք մեր հանդիպումը: Հստակ է, որ Թուրքիան շատ կարևոր աշխարհքաղաքական դեր ունի մեզ համար և Եվրոպայի մեր դաշնակիցների համար: Այնպես որ, Թուրքիային կորցնելը որպես դաշնակից չի բխում ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ Եվրոպայի շահերից», - նշել է Օ՛Բրայենը:

CBS-ի մեկնաբանը հետաքրքրվել է՝ Թրամփի վարչակազմն ընդունո՞ւմ է պնդումները, որ թուրքական բանակն այսօր՝ մեր օրերում էլ, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ պատերազմական հանցագործություններ է իրականացնում: Օ՛Բրայենը չի հաստատել, բայց և չի ժխտել․ - «Գիտե՞ք, շատ բաներ, որոնց մենք ականատես ենք դարձել, խիստ մտահոգիչ են մեզ համար: Թուրքիան մեզ հավաստիացրել է, որ այդ դեպքերի շուրջ հետաքննություն է ընթանում: Մենք շատ մտահոգված ենք պատերազմի հանցագործությունների հարցով և ուշադրությամբ հետևում ենք: 21-րդ դարում ցեղասպանություն, էթնիկ զտումներ ու պատերազմական հանցագործություններ չեն կարող լինել, Միացյալ Նահանգները չի կարող դիտորդի դեր ստանձնել, և մենք այս դիրքորոշումը շատ հստակ ենք փոխանցել թուրքական կողմին», - հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Թրամփ-Էրդողան հանդիպումը տեղի կունենա երկու օրից՝ առաջիկա չորեքշաբթի: Ավելի վաղ՝ անցած ամիս, երբ ամերիկյան Կոնգրեսը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնյաները Reuters-ին փոխանցել էին՝ Էրդողանը կարող է ի նշան բողոքի չեղարկել այցը Վաշինգտոն: Ինքը՝ Թուրքիայի նախագահը, սակայն, երեկ հայտարարել էր․ - «Ավելի շահեկան կլինի հանդիպել և դեմ առ դեմ քննարկել հարցերը, որոնց բախվել ենք նախկինում, ինչպես նաև նրանք, որոնց մինչ օրս չէինք անդրադարձել»:

Ըստ կառավարամետ Sabah օրաթերթի, Էրդողանը պնդել է, թե օրեր առաջ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Թրամփը հարցրեց՝ արդյոք մենք դեմ կլինենք, եթե հայերի զանգվածային տեղահանությունը իրենք պատերազմ կոչեն, ինչպես նաև հետաքրքրվեց՝ ինչ ընթացք են ունեցել ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը նախկինում, մինչև իր իշխանավարումը: Ես ասացի, որ նախորդ վարչակազմերի օրոք այդ բանաձևերը մերժվում էին Կոնգրեսի հանձնաժողովներում, այս անգամ, սակայն, փաստաթուղթը հավանության էր արժանացել», - ասել է Էրդողանը, հավելելով՝ Թրամփը խոստացել է իրեն ուսումնասիրել այս հարցն ու խոսել գործընկերների հետ:

Սպիտակ տան պաշտոնյաները Էրդողանի այս պնդումները չեն մեկնաբանել, ինչպես նաև չեն արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն անցած ամիս ընդունվեց Ներկայացուցիչների տանը՝ ձայների 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

XS
SM
MD
LG