Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը Սոչիում վեց ժամ բանակցելուց հետո համաձայնության եկան Սիրիայի հարցով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սոչիում բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ, 22-ը հոկտեմբերի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սոչիում բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ, 22-ը հոկտեմբերի, 2019թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները երեկ Սոչիում տևել են վեց ժամից ավելի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերին հաջողվել է ընդունել ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Այսպես, ըստ ռուս - թուրքական համաձայնագրի, այսօր կեսօրից Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: Քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ՝ մոտ վեց օր, Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերը սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը 10 կիլոմետր խորության վրա՝ դեպի արևելք և նույնքան դեպի արևմուտք, ընդ որում, որպես շփման գիծ հաշվում են ոչ թե դե յուրե սահմանը Սիրիայի և Թուրքիայի միջև, այլ այն գիծը, որից արևելք Թուրքիան հայտարարել է անվտանգության գոտի․ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Սահմանի երկայնքով 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայում թուրքական զինված ուժերի գործողությունների հայտարարված հիմնական նպատակն է: Ռուսաստանը, փաստորեն, ընդունում է այդ 32 կիլոմետր խորություն ունեցող տարածքը որպես Թուրքիայի անվտանգության գոտի:

Համաձայնագրով նախատեսված է բոլոր քրդական ուժերը դուրս բերել Մանբիջից և Թալ Ռիֆաթից:

Հետաքրքիր է, որ երեկվա բանակցություններում չի քննարկվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական «անվտանգության գոտում» թուրքական զորքերի մնալու ժամկետը: Համենայն դեպս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելով ասել է, որ չի քննարկվել:

Պաշտոնական Մոսկվան համարում է, որ երեկվա բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել նոր կործանիչ պատերազմական գործողություններից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, երեկ բանակցություններից հետո ասել է, թե Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ էության, ապահովում են Սիրիայում թուրքական գործողությունների դադարեցումը: Լավրովը նաև կարևորել է այն, որ սիրիական սահմանապահները կսկսեն վերահսկել սահմանը:

XS
SM
MD
LG