Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն այսօր միջնորդություն ներկայացրեց մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավորին: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ հերթական անգամ այն անհիմն համարելով:
Որոշման հրապարակումից անմիջապես հետո Գրիգորյանի հարազատները հեռացան դահլիճից։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրեց՝ հաջորդ նիստին նշված անձանց թույլ չտալ դահլիճ մտնել։
Միջնորդությունը ներկայացնելիս Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց՝ այսօր նժարի վրա դրված է Գրիգորյանի առողջությունը։
«Եթե խափանման միջոց կալանավորումը չփոխեն նման պայմաններում, դատարանի կողմից դիտում ենք անօրինական խոշտանգում, որով դատարանը, կարծում ենք, նպաստում է, որպեսզի Գրիգորյանը զրկվի արդյունավետ բուժվելուց և դատարան ներկայանա, բոլոր իրավական հետևանքներով», - հայտարարեց Լևոն Բաղդասարյանը։
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նկատեց՝ այսօրվա միջնորդությունը որևէ կերպ չի տարբերվում նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունից, բերված փաստարկները նույնական են։ Հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման։
«Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց չի կարող բավարար երաշխիք լինել այն մտավախությունները չեզոքացնելու համար, որոնք բազմիցս կրկնվել են», - ասաց Դոլմազյանը։
Պաշտպան Արսեն Մկրտչյանը հակադարձեց՝ նոր հանգամանքն այն է, որ հիմա Գրիգորյանի առողջությանը անդառնալի կորուստ է պատճառվել։
«Նորն այն է, որ այդ հիվանդությունները այն աստիճանի են զարգանում, որ այլևս երբևիցե ոչ մի բժիշկ չի ասում, թե հնարավոր է անգամ ազատության պայմաններում բերել նախքան կալանավորումը ունեցած առողջական վիճակի։ Այսինքն՝ առողջությանը անդառնալի կորուստը էս ինքնանպատակ կալանավորումով արդեն հասցված է։ Մեր անընդհատ էս միջնորդությունները նպատակ ունեն կանխել մահ պատճառելը, ես սա ցավով եմ ասում, որովհետև չկա այդպիսի բան, որ նորություն չկա, եթե չի քայլում, դա նորություն չի՞, եթե ձայնը փոխվել է, անճանաչելի է դարձել, դա նորություն չի՞, եթե շնչահեղձ է լինում, դա նորություն չի՞, եթե 26,1-ը, 26,2 գլյուկոզայի առկայությունը արյունում դարձել է նորմալ, դա նորություն չի՞, դա նոր հանգամանք չի՞։ Միթե՞ պետք է անպայման մահվան վկայականը ներկայացնենք դատարան, որպեսզի մեր հարգելի մեղադրողը ընդունի, որ կան նոր հանգամանքներ», - ընդգծեց Արսեն Մկրտչյանը։
Մանվել Գրիգորյանին միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով 2 ամսից ավելի է, ինչ ձևավորվել է հանձնաժողով, որը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա: Մասնավորապես՝ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի՞ են կալանքի հետ, թե՞ ոչ։
Եզրակացությունը դեռևս պատրաստ չէ։ Սակայն, կառավարության նախորդ նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, հայտարարեց Գրիգորյանն գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահին առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհանգստանալու ոչինչ չկա։
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց ամենասկզբից մեր ուշադրության կենտրոնում է այն իմաստով, որ նախ մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը օրենքով սահմանված կարով, երկրորդը՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիմնարկ տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում թե՛ կոնկրետ բժշկական հաստատության բժիշկների կողմից, թե՛ իր կողմից նախընտրած բժիշկների կողմից, նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք որ անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։ Վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա», - նշեց Արսեն Թորոսյանը։
Մանվել Գրիգորյանն այսօր կրկին ներկա չէր իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։
63-ամյա նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ: