Վերաքննիչ դատարանն ընդունել է 25 տարի առաջ՝ 1994-ի ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք է հանդիսացել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի այս ամիս ներկայացրած հաղորդումը, թե Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանում իր հորը սպանել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը։
Վերջինս այս գործով ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։
Այսօր իրավաբանների կողմից հատուկ վարույթի գնահատական ստացած քննության հերթական նիստն էր։
Նիստի մեկնարկին Հրանտ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին հայտնեց, դեմ չեն, որ նիստը լուսաբանվի, սակայն իր պաշտպանյալը չպետք է տեսաձայնագրվի, դատարանը բավարարեց պահանջը և անցավ քննությանը, նիստի ընթացքում Էդուարդ Պողոսյանը ճանաչվեց իր հոր իրավահաջորդ՝ հնարավորություն ստանալով ծանոթանալ գործի նյութերին, իրավահաջորդի ներկայացուցիչն էլ կլինի իրավաբան Զարուհի Մեջլումյանը, նիստը հետաձգվեց՝ քննությունը կշարունակվի սեպտեմբերին։
Տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստացած Պողոսյանը պնդում է՝ 94-ի իրադարձություններից հետո Մանվել Գրիգորյանը եկել է իրենց տուն և սպառնացել՝ պահանջելով գործի մասով չբողոքել, ընտանիքն այդ ամենից հետո հեռացել է երկրից։
«Անգամ եթե ես բարձրաձայնեի, ես բարեկամներ ունեմ, դուք մտեք Էջմիածին ու հարցրեք իրանց տեսակը ոնցա հարցերը լուծում, էսօր երկար սպասում էի Հրանտ Գրիգորյանի աչքերի մեջ էի նայում, նա էդպես էլ չկարողացավ իմ աչքերին նայել», - նշեց Պողոսյանը։
Գրիգորյանի պաշտպանն ի պատասխան պնդեց՝ Մանվել Գրիգորյանի սպառնալիքների մասով որևէ փաստ չկա։
«Հայտարարությունը մեկ բան է, երբ արվում է հանրության ականջը շոյելու կամ լսելի դարձնելու, լսարան հավաքելու համար, այլ խնդիր է, երբ դու փաստարկված ներկայացնում ես: Չկա որևէ փաստարկ», - ընդգծեց Հովսեփ Սարգսյանը։
Սպանվածի որդին ծիծաղելի է համարում զենքի հետ վարվելու կանոնների խախտման այն ժամանակ հաստատված պաշտոնական վարկածը, քանի որ Գրիգորյանը զինվորական է։
«Ամբողջ Էջմիածինը գիտի՝ ինչ է կատարվել ապրիլի 16-ի իրիկունը, յուրաքանչյուր մարդու հարցրեք՝ Մհերի հետ ո՞նց եղավ, կպատմեն։ Անզգուշություն, ո՞նց կարա զինվոր մարդը անզգուշությամբ կպնի կրծքավանդակին և գլխին», - ասաց Էդուարդ Պողոսյանը։
Գրիգորյանի պաշտպանը պնդեց՝ եթե վերաքննիչ դատարանը բավարարի բողոքը, առաջին ատյանի դատարանը չի կարողանա դատական ակտ կայացնել, քանի որ, ըստ նրա, գործի փաստաթղթերը բացակայում են։
«Ու՞ր են այդ փաստական տվյալները, չկան, դրանք ոչնչացվել են, ոչնչացվել են մեր կամքից Էդուարդ Պողոսյանի կամքից, Հրանտ Գրիգորյանի կամքից անկախ պատճառներով, հիմա չկան դրանք, ցավոք սրտի։ Ես կուզեի, որ դրանք լինեին և բոլոր պղտորված ջրերը զուլալվեին», - նշեց Սարգսյանը։
Էդուարդ Պողոսյանի ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանը Գրիգորյանի պաշտպանի այս պնդումն առայժմ չի ցանկանում մեկնաբանել, քանի որ դեռ գործի որևէ նյութի ծանոթ չէ:
Մեջլումյանը հայտնեց, որ գործի նյութերը մեկ հատոր են կազմում, իր և բողոքը ներկայացրած Պողոսյանի կարգավիճակների հաստատումից հետո հնարավորություն կունենան ծանոթանալ դրանց հետ։