Մատչելիության հղումներ

Դատարանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ միջնորդություն ներկայացրեց մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին։

Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։ Որոշումը հրապարակելուց անմիջապես հետո գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը ծափերով արձագանքեց դատավորի հերթական մերժմանը։

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, թե Գրիգորյանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է և, որ երեկ վիճակը սրվել է, այս պահին նրան անզգայացրել են՝ բժշկական միջամտություն իրականացնելու համար։

«Ամենօրյա ռեժիմով տեսակցելով մեր պաշտպանյալին, պետք չէ բժիշկ լինել հասկանալու համար, որ նա գտնվում է վատթար վիճակում՝ բոլոր բացասական հետևանքներով: Բարձրաձայնելով այսօր այս դատական նիստում դրա մասին՝ հարգելի նախագահող, կարծում եմ, անգամ վաղը եթե լինի միջգերատեսչականի եզրակացությունը, պայմանական վաղը, լինելու է ուշ: Ունի լուրջ խնդիր՝ բոլոր կործանարար հետևանքներով»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հակադարձեց, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, և փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն․ - «Խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դեպքում, գրավը երաշխիք չի կարող հանդիսանալ նրա պատշաճ վարքագիծը ապահովելու համար, բավարար երաշխիք չի հանդիսանա: Եվ չի կարող փարատել այն մտահոգությունները, որոնք ունի վարույթն իրականացնող մարմինը, այս դեպքում՝ մեղադրանքի կողմը, գործի դատաքննությունը անաչառ ու արդար ապահովելու համար»:

Մանվել Գրիգորյանին միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով երկու ամսից ավելի է, ինչ ձևավորվել է հանձնաժողով, որը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա: «ասնավորապես՝ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի՞ են կալանքի հետ, թե՞ ոչ։ Եզրակացությունը դեռևս պատրաստ չէ։

Մանվել Գրիգորյանը այսօր ևս ներկա չէր իր և կնոջ գործով դատական նիստին։ «Նաիրի» բժշկական կենտրոնից գրություն էր ուղարկվել այն մասին, որ նա առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ:

63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

XS
SM
MD
LG