Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը ստացած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշ մանրամասներ է հայտնում, թե ինչպես են քննվում նմանօրինակ դիմումները:
Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին խնդրել էր խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ: ՍԴ-ն ավելի վաղ քննության էր ընդունել Սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով երկու առանձին դիմումները, որոնք ներկայացրել էին Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա գործը առաջին ատյանում քննած Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը: Քոչարյանը մեղադրվում է հենց 300.1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգի տապալումը:
ՄԻԵԴ-ը պարզաբանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին դիմել խորհրդատվական կարծիքի համար: Դիմումը պետք է առնչվի կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կիրառման կամ դրանց մեկնաբանման սկզբունքներին:
Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործի քննությունը տեղական ատյաններում դեռ ընթանում է: Դատարանը կարող է որոշել՝ ընդունել դիմումը կամ մերժել այն: Հինգ դատավորներ են որոշելու՝ արդյոք կընդունեն դիմումը, թե՝ ոչ, մերժման դեպքում էլ բացատրություններ կտրամադրեն:
Մեծ պալատի տված խորհրդատվական կարծիքները պարտադիր չեն կատարման համար: Կարծիքները հրապարակում է դիմող դատարանը: Դատավորները առանձին կարծիքներ են ներկայացնում: