Մատչելիության հղումներ

«Ընտրեցինք, որ մեզ հացից զրկի՞». «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց


«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց, 10-ը սեպտեմբերի, 2019 թ.
«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց, 10-ը սեպտեմբերի, 2019 թ.

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի մեկնարկին՝ դահլիճում հանդիսավոր հիմնն էր հնչում, իսկ քաղաքապետարանի մուտքի մոտ հավաքված էին «Սանիթեք»-ի աշխատակիցները՝ վարորդներ, բանվորներ։ Նրանք մի քանի օր է ինչ անգործ են և պահանջներ ունեն քաղաքապետարանից։

«Էսօր առանց տեղեկացնելու մոտ 600 հոգի մնում են առանց գործ, կարա՞ պատասխանը տա դրա», - ասաց հավաքվածներից մեկը։

«Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարծում, որ «Սանիթեք»-ը ձախողել է քաղաքի աղբահանությունը, հակառակը՝ ասում են՝ քաղաքը լավ էլ մաքուր է եղել, հիմա իրենց անգործության մեջ քաղաքապետարանն է մեղավոր, խեղճ «Սանիթեք»-ին տուգանեցին, զուգահեռ նոր աղբահանման հիմնարկ ստեղծեցին։

«Ընտրեցինք, որ մեզ հացից զրկի՞», - նշեց «Սանիթեք»-ի մեկ այլ աշխատակից։

Անգործ մնալուց բացի, ասում են՝ օգոստոս ամսվա աշխատավարձն էլ չեն տալիս, ընկերությունից պատասխան են ստացել, թե մեղավորը քաղաքապետարանն է, չի վճարել իրենց և անընդհատ տուգանում է։

«Մեր տնօրենը ասեց՝ քաղաքապետարանը չի փոխանցել, մենք եկել հավաքվել ենք այստեղ, իմանանք խնդիրն ինչն է՝ չի փոխանցել։ Դա մեր խնդի՞րն է, որ չի փոխանցել, մենք էդ ենք ուզում հստակ իմանանք», - ասաց բողոքողներից մեկը։

Բողոքավորներին մոտեցավ Երևանի աղբահանության ու սանմաքրման նորաստեղծ հիմարկի ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ կոնկրետ առաջարկով․ «Բոլորիդ խնդրում եմ, համեցեք մեր մոտ աշխատանքի»։

Հիմնարկի տնօրենն ասաց՝ որ վարորդի, բանվորի տեղեր կան, բայց հավաքվածներին հուզում էր օգոստոս ամսվա աշխատավարձի հարցը․ «Ես օգոստոս ամիսը աշխատել եմ, հիմա ես վարկ ունեմ, ո՞ւմ դիմեմ, որ էդ գումարս տա, որ տանեմ վարկս փակեմ»։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահ է՝ բողոքի ակցիան ուղղորդված է հենց «Սանիթեք»-ի կողմից, պնդում է՝ քաղաքապետարանը ինչպես կարգն է «Սանիթեք»-ի հասանելիքը փոխանցել է՝ օգոստոսին 165 միլիոն 340 հազար դրամ:

«Այն ինչ փորձում է ասել «Սանիթեք» ընկերությունը, որ գումարների պատճառ է և այլն, այդպիսի բան կարծում եմ չկա, որովհետև ընդհանուր գումարի 9 տոկոսի չափով են եղել տուգանքները ընդհանուր փոխանցվող գումարի», - ասաց Երևանի քաղաքապետը։

Քաղաքապետն ասաց, նախկինում էլ բազմաթիվ բողոքներ են լսել աշխատակիցներից աշխատավարձերի ուշացման հետ կապված։ «Սանիթեք»-ին հորդորեց խնդիրները չբարդել քաղաքապետարանի վրա։ Ընկերության հետ պայմանագրի լուծարման գործընթացը սկսված է, բայց, Մարությանը շեշտեց՝ մեկ երկու օրվա բան չէ, միջազգային դատարանի հեռանկարն էլ չի անհանգստացնում։

«Ոչ մի մտավախություն չունենք, մեր բոլոր քայլերը շատ երկար մտածել ենք, բոլոր քայլերը շատ կշռադատված են, այնպես որ մենք հանգիստ, նորմալ կերպով գնում ենք առաջ, պլանավորված», - ընդգծեց Մարությանը։

Զուգահեռ քաղաքապետարանը համալրում է աղբահանության նորաստեղծ պարկը։ Ե՞րբ ի վերջո քաղաքից կհավաքվի աղբը, հարցի պատասխանն առայժմ շատ կոնկրետ չէ։ Մոտակա ամսին բարելավում կլինի, խոստացավ քաղաքապետը։

«Մենք շատ արագ տեմպերով էս հարցը լուծում ենք և սա լուծման ամենաճիշտ տարբերակն էր, որովհետև ես թույլ չեմ տա, որ այլևս երբևիցե Երևան քաղաքը առնչվի էսպիսի խնդրի։ Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը հետագայում, ինչ քաղաքապետ էլ լինի 5 տարի հետո, 10-20 տարի հետո երբևիցե այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա», - նշեց քաղաքապետը։

Մամուլը հենց աղբահանության թեմայի համատեքստում պարբերաբար շրջանառում է քաղաքապետի հրաժարականի հարցը։ Հայկ Մարությանն ասաց՝ բյուջեի հավաքագրումն ավելացրել են միլիարդներով, քաղաքին են վերադարձվում մանկապարտեզներն ու այգիները և էլի շատ պլաններ կան, ի՞նչ հրաժարական։

«Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել», - արձագանքեց Մարությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG