Մատչելիության հղումներ

«Սանիթեք»-ը նախաարբիտրաժային գործընթաց է սկսել ընդդեմ կառավարության


«Սանիթեք» ընկերությունն արդեն իսկ սկսել է նախաարբիտրաժային գործընթացն ընդդեմ կառավարության։ Ընկերությունից հայտնում են՝ մինչև այսօրվա ավարտը կամ վաղն արդեն կառավարությանը կտեղեկացնեն արբիտրաժային դատարան դիմելու իրենց մտադրության մասին։

«Սանիթեք»-ում պատրաստ են հետքայլ անել և կանգնեցնել գործընթացը, սակայն քաղաքապետարանից իրենց առաջարկների վերաբերյալ դեռ պատասխան չունեն։

«Ազատության» հարցին, թե որքա՞ն են սպասելու արձագանքին, «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը պատասխանեց. «Մենք զուգահեռ գործընթացները սկսում ենք»։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է ճանապարհի կեսին, եթե համագործակցության քայլ լինի, գնան երկխոսության, Առաքելյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, ինչպես ասաց Թավիլը, պատրաստ ենք երկխոսության լավագույն լուծումը գտնելու, որ երեք կողմերի համար՝ Երևանի քաղաքապետարան, «Սանիթեք» և քաղաքացիներ, բնականաբար, բոլորի համար շահեկան լինի»։

Անցած շաբաթ հրավիրված մամուլի ասուլիսին «Սանիթեք»-ի տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը երկու առաջարկ արեց. կարճաժամկետով ընկերությունը քաղաքապետարանին առաջարկում է վարձակալության տալ համայնքային աղբահավաք բեռնատարներն ու աղբամանները, երկարաժամկետով էլ 4 միլիոն դոլարի ներդրում են պատրաստվում անել՝ աղբարկղերի թիվը ավելացնել, աղբահավաք մեքենաների պարկը թարմացնել, սակայն պայմանով՝ քաղաքային իշխանությունները պետք է պարտավորվեն աղբի կառավարման գործողությունների ծրագիր մշակել, հետ վճարել իրենցից գանձված տուգանքների գումարներն ու վերանայել իրենց պայմանագիրը՝ բարձրացնելով ծառայությունների դիմաց վճարվող գումարը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ժամանակավրեպ է համարում «Սանիթեք»-ի առաջարկը։

«Այն ժամանակ եթե վերանայում իրականացներ, գոնե 2019 թվականի համար մենք կունենայինք ավելի լավ վիճակ և ավելի էժան լուծում, քան ունենք հիմա, որովհետև արդեն իսկ միլիարդներ վճարվել են այս աղբատար մեքենաների համար, աղբամանների համար», - նշեց Խաժակյանը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը համոզված է՝ ներդրումներ «Սանիթեք»-ը կարող էր անել նաև մինչ այս, ոչ մի խոչընդոտ չի ունեցել ընկերությունը։ Հովհաննիսյանը «Սանիթեք»-ի առաջարկն աբսուրդ է համարում։

«Բանակցությունների ընթացքում մենք հասկանում ենք միայն մեկ բան, որ «Սանիթեք» կազմակերպությունը, այո, պնդում է, որ շուտով կբերի մեքենաներ, շուտով կբերի աղբամաններ, ի՞նչ ստացանք՝ խոստացված աղբամանների ընդամենը 200 աղբաման եկան Երևան, այն էլ ես հրաշք եմ դա անվանում», - ասաց Հովհաննիսյանը։

Քանի որ «Սանիթեք»-ը չէր կարողանում պատշաճ աղբահանություն իրականացնել, քաղաքապետարանը համայնքային ընկերություն ստեղծեց՝ իրավիճակը մեղմացնելու համար:

Եթե «Սանիթեքը» խախտում է պայմանագրի կետերը, ապա ինչո՞ւ չի լուծվում այն։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննիսյանը բազմիցս ասված պատճառաբնությունն է բերում՝ քանի դեռ համայնքային ընկերությունը համալրման փուլում է, «Սանիթեքի» շուկայից դուրս գալը կարող է մայրաքաղաքի աղբահանության ճգնաժամն ավելի խորացնել։

«Երբ արդեն կունենա համայնքային հիմնարկը համապատասխան մեքենա և ամեն ինչ պատրաստ, որպեսզի հետո արդեն ձմեռվան էլ պատրաստ լինենք, ըստ իս, այդ ժամանակ արդեն կարելի կլինի արդեն նստել այն սեղանի շուրջ, որտեղ կքննարկվի կա՛մ «Սանիթեք»-ի լուծարման հարցը, կա՛մ «Սանիթեք»-ի կողմից ողջամիտ ժամկետներում կազմակերպության ինչ-որ լուրջ ներդրումային ծրագիր բերելու համար», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը թերահավատ է, թե աղբահանության իրավիճակը կկարգավորվի։

«Էս պահին մենք ունենք նոր մեքենաներ, ներգրավել ենք, ինչ-որ չափով կարողանում ենք մաքրել քաղաքը, բայց որ օրինակ եք բերում, ասում եք՝ Նեապոլը չդառնանք, էնպես չի, որ Երևանը Նեապոլից ինչ-որ բանով պակաս է էլի», - ասաց Հարությունյանը։

Համայնքային ընկերությունում այս պահին դեռ 12 աղբահավաք բեռնատար կա, ևս երեքն արդեն ճանապարհին են։ Քաղաքապետարանից վստահեցնում են՝ աղբատարների մի մասն էլ Երևանում կլինի արդեն աշնանը։ «Սանիթեք»-ի թերացումներից հետո ստեղծված համայնքային աղբահանությամբ զբաղվող ընկերութունն արդեն փաստացի ամբողջությամբ իրականացնում է Դավթաշեն վարչական շրջանի ու մասամբ էլ մյուս վարչական շրջանների աղբահանությունը։

Բոլորովին վերջերս պարզվեց՝ «Սանիթեք» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործ կա։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ քրեական գործը դեռ նախաքննության ընթացքում է, որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։ «Սանիթեքը» կասկածվում է խոշոր չափերի հարկեր չվճարելու համար, թե որքան է չվճարված հարկերի չափը, Պետական եկամուտների կոմիտեից դեռ չեն նշում։ «Սանիթեք»-ից հայտնում են, թե խոսքը 290 միլիոն դրամի մասին է։ Աղբահանությամբ զբաղվող ընկերությունն անօրինական է համարում քրեական գործը ու քաղաքական ենթատեքստ տեսնում դրանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG