Մատչելիության հղումներ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ․ Մինչև ամսվա վերջ աղբահանության վիճակը գոհացուցիչ կլինի


Երևանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց, 7-ը սեպտեմբերի, 2019թ․
Երևանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց, 7-ը սեպտեմբերի, 2019թ․

Գրեթե երկու շաբաթ «Սանիթեք» ընկերության անգործության պատճառով մայրաքաղաքի աղբահանությունը միայնակ իրականացնող համայնքային հիմնարկի աշխատանքը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը բավարար է գնահատում։ Ասում է՝ առաջիկայում աղբատար մեքենաների թիվը կավելանա, և մինչև սեպտեմբերի վերջ աղբահանության վիճակը գոհացուցիչ կլինի։

«Մինչև սեպտեմբերի վերջ կարծում եմ արդեն գոհացուցիչ կլինի, և մեր քաղաքացիները լիովին արդեն կզգան էդ փոփոխությունը, և չեմ կարծում, որ էլի խնդիրներ առաջանան», - «Ազատությանը» ասաց Հովհաննիսյանը:

Մինչդեռ Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նկատում է՝ աղբահանության վիճակը կրիտիկական է: «Չունեն ո՛չ նորմալ ճամփուղիներ, ո՛չ քարտեզագրում, ո՛չ աշխատանքային ռեժիմ, և ոչ մի հստակ աշխատանք չի իրականացվում: Այսինքն, եթե հինգ րոպեի ընթացքում 3-4 մեքենա ես տեսնում աղբատար նույն փողոցի վրա, սա ինչի մասին է խոսում՝ որ աշխատանքը ընդամենը կանոնակարգված չէ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Վարդանյանը:

Աշխատանքը կանոնակարգելու դեպքում, Թեհմինա Վարդանյանի համոզմամբ, արդյունքը նկատելի կլինի։

Ամիսներ շարունակ մայրաքաղաքի աղբահանությունը թերություններով իրականացրած «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանն ասում է՝ այսօր արդեն ընկերության ֆինանսական վիճակը ծայրահեղ ծանր է, թեև պատրաստակամ են շարունակել համագործակցությունը։ Առաքելյանի խոսքով՝ ընկերությանը չի վճարվել ավելի քան 300 միլիոն դրամ․ սա այն տույժերն ու տուգանքներն են, որ կիրառվել են «Սանիթեք»-ի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով։

«Դրանց մի մասը մենք ընդունում ենք, որ, այո, չարված աշխատանքի դիմաց են, բայց մի մասը մենք չենք ընդունում, որ չի արվել աշխատանք և այդ պահումները օրենքի սահմաններում են արվել», - «Ազատությանը» ասաց «Սանիթեք»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Հայկ Հովհաննիսյանը, սակայն, ընդգծում է՝ պահումներն ու տուգանքները, որոնք կիրառել է Երևանի քաղաքապետարանը, արվել են միայն համաձայն պայմանագրի․ - «Այն մասով, ինչքանով որ «Սանիթեք» կազմակերպությունն իրականացրել է իր գործառույթները ըստ պայմանագրի, «Սանիթեք» կազմակերպությունը այդ չափով վճարվել է մինչև ամսի 31-ը: Այսինքն՝ օգոստոս ամսի դրությամբ, այո, պահումներ և տուգանքներ եղել են, բայց այն աշխատանքը, որը որ կատարվել է «Սանիթեք» կազմակերպության կողմից, բնականաբար, քաղաքապետարանի կողմից վճարվել է․ այսինքն՝ կատարողական ակտերը ներկայացվել են վարչական շրջանների ղեկավարներին, նրանք հաստատել են, որ իրականացվել է աշխատանքը, թե ոչ: Այսինքն՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք փաստում են և թե՛ ձախողումը «Սանիթեք» կազմակերպության կողմից, և թե՛ սանմաքրման աշխատանքները»:

«Ազատության» հարցին՝ մտադի՞ր է արդյոք քաղաքապետարանը խզել «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքեց. - «Սանիթեք»-ի այս վերջին երկու շաբաթվա վարքագիծը անշուշտ իրավական հետևանքներ կունենա, և քաղաքապետարանի իրավաբաններն աշխատում են այդ ուղղությամբ»։

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ - «Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG