Մատչելիության հղումներ

Վարչապետն ուղիղ եթերում հանդիպում անցկացրեց Երևանի քաղաքապետի հետ


Թեման մայրաքաղաքի աղբահանությունն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպումն այսօր ուղիղ եթեր հեռարձակեց:

Վարչապետը քաղաքապետին հարցրեց, թե ինչու դեռ լուծված չէ աղբահանության հարցը: Քաղաքապետը պատասխանեց, թե սխալն ի սկզբանե է եղել․ թեև 2012-ին ու 2015-ին մրցույթ է հայտարարված եղել, որ Երևանի արևմտյան և արևելյան հատվածների սանմաքրման և աղբահանության համար տարբեր ընկերություններ դիմեն, այդուհանդերձ, երկու մրցույթներում էլ հաղթել է «Սանիթեք»-ը՝ ստորագրելով 12 տարվա պայմանագիր:

«Եթե տենց շանս կար, որ նույն ընկերությունը հաղթի, էլ ինչի՞ էին բաժանում էրկու մասի», - տարակուսեց վարչապետը՝ շարունակելով․ - «Ըստ էության, որ ասում եք անվտանգության բարձիկ չկա, էդ նկատի ունե՞ք»:

«Այո», - պատասխանեց Մարությանը:

Քաղաքապետն ասում է, որ քաղաքային իշխանության ստեղծած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ»-ն այսօր անվտանգության բարձիկ է հանդիսանում, «Սանիթեքը» թերանում է, ստիպված իրենք են գործի մի մասը գլուխ բերում:

Հիմնարկն արդեն աղբահանության համար նախատեսված 16 նոր մեքենա ունի, առաջիկայում կգնեն ևս 39-ը: Երևանը աղբից մաքրելու համար, ըստ Մարությանի, 50-ից ավելի այդպիսի մեքենա է հարկավոր: Քաղաքապետարանի ստեղծած հիմնարկը պլաստիկե 8 հազար աղբաման է պատվիրել (քաղաքապետն ասաց, թե գումարը չէր բավարարի մեղտաղյայի համար):

Մարությանը նշեց, թե «Սանիթեք»-ից ասում են, որ իրենք 22 մեքենա ունեն, բայց քաղաքապետարանի տեղեկություններով, այդ թիվն ավելի պակաս է: Ըստ քաղաքապետի, «Սանիթեք»-ը նաև ավելի քիչ աղբամաններ է տեղադրել, քան պարտավոր էր․ - «Պայմանագրում նշված է, որ ամեն տարի պետք է իրենք ապահովեն 16 հազար մետաղական աղբաման: Հիմա ընդհանուր կա 5 հազար աղբաման՝ և՛ մետաղականը, և՛ պլաստիկը»:

«Այսինքն՝ ընդհանուր աղբամանների թիվը երեք անգամ պակա՞ս ա պայմանագրով նախատեսվածից», - հարցրեց Փաշինյանը:

«Այո: Իրենք ասում են, որ պայմանագրում նշված ա 8 հազար, բայց էդպիսի բան չկա», - պատասխանեց Մարությանը:

Վարչապետը հարցրեց, թե արդյոք նորմալ են «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը: Քաղաքապետն ասաց, որ երկու կողմերի համար էլ ձեռնտու պայմանագիր է՝ եթե ընկերությունը կատարեր իր պարտավորությունները:

Վարչապետը հաջորդ հարցն ուղղեց՝ քաղաքապետարանն իր պայմանագրային պարտավորությունները կատարու՞մ է: Մարությանը պատասխանեց, թե քաղաքապետարանի միակ պարտավորությունը գումար տալն է, և իրենք ժամացույցի ճշգրտությամբ փոխանցում են՝ չհաշված տույժերը:

«Սանիթեք»-ը պնդում է, որ տուգանքներն անհիմն են ու ազդում են իրենց աշխատանքի վրա․ քաղաքապետարանին դրա համար դատի են տվել: Մարությանը հակադարձում է՝ Երևանի մեկ միլիոն բնակիչները ամեն օր դուրս են գալիս քաղաք ու տեսնում, որ այդ տուգանքներն ավելի քան հիմնավորված են:

Մարությանն ասաց, որ «Սանիթեք»-ին անգամ հարցրել է, թե ինքն ինչ անի, որ լավ աշխատեն․ - «Ասում էին՝ բարձրացրեք գինը: Ասացի՝ եղբայր, կներեք, չենք կարող: Սա իմ գրպանը չի: Անգամ առաջարկ արեցի․ ասացի՝ ես ձեզ խնդրում եմ, երկու պայմանագիրը ձեզ հետ խզենք, նորից դնենք մրցույթի: Դուք եկեք և ձեր ուզած գնով, որը պատկերացնում եք, մասնակցեք»:

«Բայց իրանք չեն համաձայնվել: Բա էդ դեպքում ո՞րն ա տրամաբանությունը», - կրկին տարակուսեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Մարությանի, «Սանիթեք»-ն իրենց առաջարկել է 4 մլն դոլարի ներդրում անել՝ պայմանով, որ ինչ էլ լինի, իրենք շարունակեն աշխատել մինչև պայմանագրի ավարտը: Քաղաքապետը պատասխանել է, որ այդ երաշխիքը հենց պայմանագիրն է:

Վարչապետը հաստատեց, որ ոչ ոք պայմանագրով աշխատանքներ ստանձնած ընկերությանը չի կարող խանգարել: Նաև ակնարկեց, թե որոշ, առայժմ չճշտված տեղեկություններ կան․ - «Էդ ամեն ինչի հետ կապված, ընկերության, իրա կապերի, իրա մատակարարների հետ կապված ուրիշ ինֆորմացիաներ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես էսօր հարկ էլ չեմ համարում: Եթե մի հատ մտածենք, ասենք, ենթադրենք Լիբանան, Լիբանանի հետ ով ինչ կապ ունի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որ չգիտեմ ինչ ա․․․ եղբայրը կապ ունի: Չասենք ում մասին ա խոսքը, չնայած բոլորս հասկանում ենք ում մասին ա խոսքը: Պետք ա հաշվի առնել, որ սենց նյուանս էլ կա»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ֊ը քրեական գործ է հարուցել «Սանիթեք»-ի դեմ հարկերը վճարելուց խուսափելու համար: Դրանից հետո ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը մեկնել է Հայաստանից, վերջին ասուլիսին էլ սկայպով մասնակցեց՝ պնդելով, թե իրենց Հայաստանում վտանգ է սպառնում:

Վարչապետ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ասաց, որ դա սպեկուլացիա է, ոչ մի վտանգ էլ չի սպառնում:

Հայկ Մարությանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է հարկերը չվճարելու հետ կապված:

«Եթե դա հիմնավորվի, ձեր վերսիան ավելի ա բան դառնում, որ գումարներ հանելու պրոցես կա: Կարո՞ղ ա որոշ մարդիկ, որ հետախուզման մեջ են Լիբանանում, գումարի կարիք ունեն: Մանավանդ որոշ հաշիվներ կալանքի տակ դրած են, իրանք տենց կազինոյի, Բադեն-Բադենի փողի կարիք ունեն: Ես ուղղակի տենց բարձրաձայն մտածում եմ», - ասաց վարչապետ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG