Մատչելիության հղումներ

Սաքունց․ Ռեյտինգայինի պահպանումը վտանգում է քաղաքական խորհրդարան ունենալու սպասումները


Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, ռեյտինգային ընտրակարգի պահպանումը վտանգում է քաղաքական խորհրդարան ունենալու հասարակության սպասումները:

«Ես կարծում եմ, որ կասկածի տակ է դրվել քաղաքական խորհրդարան ունենալու հարցը՝ հանձինս ռեյտինգային ցուցակների, որի տիպիկ օրինակը հանդիսանում է այսօրվա Ազգային ժողովը: Այստեղ խոցելի է դարձնում ընդհանրապես քաղաքական պրոցեսը: Քաղաքական պրոցես կարող էր լինել միմիայն մաքուր համամասնական ընտրակարգի դեպքում: Այսինքն՝ երբ որ վերանում են տեղային նշանակության գործոնները»:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների օրինագիծը երեկ երկրորդ անգամ տապալվեց խորհրդարանում, և դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունները կանցկացվեն ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ:

Սաքունցը պնդում է, թե այս պայմաններում իշխանությունների համար դժվար կլինի թաղային հեղինակություններին ու գործարարներին հեռու պահել Ազգային ժողովից․ - «Այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ինքն է գլխավորելու ցուցակը, արդեն խոսում է, որ ամենևին էլ այն, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է տարանջատ լինեն, այդ ուղղությամբ մենք չունենք հստակ փոփոխությունները»:

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար որոշիչ գործոն չէ․ - «Ես կարծում եմ, ինքնախաբեություն է համարել, որ ընտրակարգով է պայմանավորված լինելու պրոցեսի բովանդակությունը: Ի վերջո, տեղի է ունեցել հեղափոխություն, հեղափոխությունը բերել է իր օրակարգը, և եթե էս օրակարգը պետք է «զիջի» ռեյտինգայինի այն արատավոր էֆեկտներին, որ կային, ապա այստեղ առաջանում է հարց, թե այդ օրակարգն ինչքան թույլ է, որ պիտի ռեյտինգայինը շարունակի իր գործը»:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների Հանրապետականի կողմից ներմուծված ռեյտինգային ընտրակարգը, դիտորդների գնահատմամբ, հատկապես աչքի ընկավ թաղային հեղինակությունների և քրեաօլիգարխիկ դեմքերի գործուն ազդեցությամբ: Հասարակության մեջ օլիգարխի համբավ ունեցող ՀՀԿ-ական պատգամավորների հիմնական մասը հենց այս ընտրակարգի միջոցով հայտնվեց խորհրդարանում:

Իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի դեպքում, ըստ Հակոբ Բադալյանի, հնարավոր կլինի չեզոքացնել այս ուժերի ազդեցությունը ընտրողների վրա․ - «Ի վերջո, կարևոր արձանագրումը նա է, որ ռեյտինգայինը այդ արատավոր էֆեկտը թողնում էր քաղաքական հովանավորչության պատճառով: Եթե իրավապահները գործում են, եթե իշխանությունը կատարում է իր ֆունկցիան՝ ապահովելու ընտրությունը այլևայլ աղդեցությունից զերծ պահելը, ապա կարծում եմ էստեղ ընտրակարգը հիմնարար նշանակություն բովանդակության և արդյունքի վրա չպետք է ունենա»:

Քաղաքական մեկնաբանի խոսքով, գործարարներն այսօր բիզնեսի պահպանման համար պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտություն այլևս չունեն, քանի որ ներկայիս իշխանությունները նախկինների նման կոռուպցիոն գործարքների չեն գնում, նրանցից ստվերային գումարներ չեն պահանջում:

Այդուհանդերձ Բադալյանը կարծում է, որ նոր խորհրդարանի կազմը ամբողջությամբ չի արտահայտի հասարակության սպասումները․ - «Նաև հեղափոխական իրավիճակից ելնելով՝ ես կարծում եմ, որ այն քաղաքական խորհրդարանը, որը պատկերացնում ենք, մենք չենք ունենա: Իհարկե, եթե օդիոզ ֆիգուրներ, թաղային կամ այլ հեղինակություններ նկատի ունենք, ես կարծում եմ, խորհրդարանում առնվազն էապես կպակասեն էդպիսի գործիչները: Հակառակ պարագայում մի քիչ կասկածի տակ կհայտնվի հեղափոխության արդյունավետությունը»:

Արթուր Սաքունցի պնդմամբ, իշխանությունները վաղ թե ուշ պետք է փոխեն Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը: Քաղաքական համակարգի առողջացումը, ըստ իրավապաշտպանի, այլընտրանք չունի․ - «Կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ ակնհայտորեն մարդը, որը գործարար է և այլն, չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Վերջ, սահմանափակում դնել»:

XS
SM
MD
LG