«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին հայտարարեց ինքը Ծառուկյանը՝ այսօր Ազգային ժողովում պատասխանելով «Ազատության» հարցին:
«Դո՞ւք եք գլխավորելու ձեր նախընտրական ցուցակը», - այս հարցին նա պատասխանեց․ - «Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմելու եմ, դեռ մտածում եմ՝ ոնց կազմեմ, ոնց անեմ, որ փոփոխություններ լինեն»:
Թե ովքեր են ընդգրկված լինելու ցուցակում և ինչ սկզբունքով են այն կազմելու՝ այդ կապակցությամբ Ծառուկյանն ասաց․ - «Ամեն ինչն էլ ուշադրություն եմ դարձնելու»:
«Ազատության» մեկ այլ հարցի՝ ընդդիմությո՞ւն են լինելու, թե՞ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիա են կազմելու, նա արձագանքեց․ - «Ես հիմա չեմ կարող ասել: Իմ ժողովուրդը որը ուզի, ոնց ցանկանա՝ ես դրա կողմնակիցն եմ, անձնական շահ չունեմ»:
«Ձեզ համար միևնո՞ւյն է՝ ընտրություններին կմասնակցեք փոփոխվա՞ծ, թե՞ հին Ընտրական օրենսգրքով», - այս հարցին էլ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը պատասխանեց․ - «Իմ համար միևնույն է, հիմնական խնդիրը՝ որ էսօր դա ժողովուրդն է ուզում, ես իմ համար նա էլ ա լավ, նա էլ ա լավ: Բայց ամենակարևորը՝ որ նորից չխառնեն: Ծառուկյանի քարը շատ ծանր ա»: