Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի համահեղինակ, վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը համոզված է, որ օրինագծի տապալումը խորհրդարանում միայն Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների ձեռքի գործը չէ: Գործող իշխանությունն էլ մեղքի բաժին ունի, համոզված է նախագծի համահեղինակը:
«Հեղափոխությամբ եկած իշխանությունները բոլոր օրինական և տեղին միջոցները չգործադրեցին, որպեսզի Ընտրական օրենսգիրքը ընդունվի», - հայտարարեց Իոաննիսյանը:
Ընտրական օրենսգրքի ընդունման համար այսօրվա նիստում պակասեց մեկ ձայն: Անհրաժեշտ էր 63 կողմ:
Իոաննիսյանի կարծիքով, բավարար ձայներն ապահովելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է արդեն իսկ հաջողված փորձը կիրառեր․ - «Ես կարծում եմ, որ այնպես, ինչպես պարտադրվեց Ազգային ժողովին հեղափոխության երկրորդ քայլը իրականացնել, այն է՝ Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, նույն ձևի կարելի էր ժողովրդի աջակցությամբ պարտադրել Ազգային ժողովին ընդունել Ընտրական օրենսգիրքը»:
Իոաննիսյանի կարծիքով, խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներն էլ օրինագծի օգտին չեն եղել․ - «Հաճախ վարչապետի հռետորիկան հակասում էր այդ տրամաբանությանը: Վարչապետը, օրինակ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ՝ այ, տեսանք, հին Ընտրական օրենսգրքով էլ կարելի է ընտրություններ անել: Նախորդ շաբաթ խորհրդարանում վարչապետը անգամ հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի տապալումը անգամ լավություն է իշխող կուսակցությանը: Այսինքն, անգամ տպավորություն էր ստեղծվում, որ իշխանությունները շահագրգռված են, որ Ընտրական օրենսգիրքը չփոխվի: Թեև այդպես չի: Իշխանությունները, ես հավատացած եմ, որ ուզում են փոխել Ընտրական օրենսգիրքը: Բայց ամեն դեպքում դա չէր ընդգծվում հրապարակային ելույթներում»:
«Գործող օրենսգրքով էլ ազատ թափանցիկ ընտրություններ կազմակերպել հնարավոր է», - ասում է Իոաննիսյանը՝ մատնացույց անելով Երևանի ավագանու ընտրությունները, բայց ռեյտինգային ցուցակները փոխում են խաղի կանոնները․ - «Եթե ռեյտինգային ընտրակարգը մնում է, ապա ընտրությունները դառնում են նվազ քաղաքական, և այդտեղ տարբեր թաղային հեղինակությունների ազդեցությունը հետագայում Հայաստանում կարևոր որոշումների կայացման վրա լինում է ավելի մեծ: Հանրապետական կուսակցությանը, և ոչ միայն Հանրապետական կուսակցությանը ձեռ չի տալիս Հայաստանում քաղաքական միջավայրի զարգացումը, քաղաքական մշակույթի զարգացումը»:
Նախագծով նախատեսվում էր վերացնել ռեյտինգային ընտրակարգը և հաստատել ամբողջովին համամասնական ընտրակարգ: Այսինքն՝ ընտրողները ոչ թե թեկնածուներին, այլ քաղաքական ուժերին էին ընտրելու: Կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմն էր մեկական տոկոսով նվազելու, 4-րդ ուժի ներկայացվածությունն էր հնարավոր լինելու՝ ընտրողների ձայների 2 տոկոսը ստանալու պարագայում:
Այս փոփոխությունները մերժող և ընդդիմության կողմից տարիներ շարունակ ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Հանրապետականին Իոաննիսյանը հիշեցնում է, որ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենքներում փոփոխություններ արդեն կատարվել, ընտրակաշառքի պատժաչափը խստացվել է, իսկ ընտրական բարեփոխումները միևնույն է կյանքի կոչվելու են նոր խորհրդարանում: