Մատչելիության հղումներ

«Նոր Երևանի քաղաքապետարանը լինելու է ծիածանագույն»․ Րաֆֆի Հովհաննիսյան


«Երևանի իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին», - «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս կոչով սկսեց նախընտրական քարոզարշավը:

Հաղթող թեկնածուի ով լինելը չի մտահոգում Հովհաննիսյանին, կարևորը, ըստ նրա, այն է, որ քաղաքացին տեր կանգնի իր քվեին․ - «Լինելու է այն, հուսով եմ և հավատացած, որ շարքային մարդը, Երևանի քաղաքացին վստահի իր ընտրությանը»:

Ընտրական թոհ ու բոհով անցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ՝ նախագահական և խորհրդարանական ընտրապայքարում իր պարտություններից չի ընկճվել:

Ստեղծված իրավիճակն այլ ելք է պարտադրել․ - «Մեշ հաշվով, սխալները պատկանում են բոլորին: Ուղղակի մեր դեպքում, մեծ վաստակին և նվաճումներին զուգահեռ, մեր սխալները մենք կիսել ենք հանրության հետ, թափանցիկ ենք եղել: Ձեր հարցը ենթատեքստ ունի, և ես ժպիտով կպատասխանեմ՝ յուրաքանչյուր ընտրություն տարբեր է»:

Եթե մայրաքաղաքի կառավարումը ընտրողները «Ժառանգությանը» վստահեն, իրենք Երևանն արևելյան սիլիկոնային հովտի կվերածեն: Ամենակարևորի՝ ֆինանսկան միջոցների մասին վաղուց են հոգ տարել:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացնում է․ - «Մենք այդ ֆոնդերի տեղը գիտենք, այս անձանց գիտենք, այդ գործիքակազմը կա, որով կարող ենք Երևան բազմաթիվ գրանտային ծրագրեր բերել զարգացման համար»:

Երևանցիներին ժպիտ խոստացող թեկնածուն դեմ է հանրությանը սև ու սպիտակի բաժանելուն, իր պահանջներն ավելին են․ - «Առանց բառախաղի, ձեր առջև մենք նույնպես հանձն ենք առնում, որ նոր Երևանի նոր քաղաքապետարանը լինելու է ծիածանագույն, բոլոր գույները պիտի ներառվեն՝ սպիտակից մինչև սև: Մենք հավատում ենք, որ այդ միասնությունը կկայանա ազատ բազմազանության միջոցով»:

Նախընտրական շրջանում քաղաքացիների հետ շփումները Րաֆֆի Հովհաննիսյանը պատկերացնում է բնական վիճակում, առանց հատուկ սցենարների:

Այսօր նրանց հանդիպելու էր եկել քաղաքային տրանսպորտով․ - «Պիտի շարունակենք մեր պայքարը բակից բակ, խաչմերուկից խաչմերուկ բնական ձևով: Մեզ պիտի տեսնեք բնական վիճակի մեջ: Ոնց որ ես այսօր տնիցս քրտնելով քայլեցի ներքև, տրանսպորտով, մեզ մոտ որևէ արհեստական բան պիտի չտեսնեք»:

Կարևորը՝ անհնարինը հնարավոր դարձնելու բանաձևը մինչև վճռական օրը՝ սեպտեմբերի 23-ը, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն գտել է․ - «Անհնարինը հնարավոր դարձնելու ճանապարհը գնում է ժպիտի միջոցով․․․ հեղափոխություն պլյուս «Ժառանգություն» հավասար է ժպիտի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG