Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուները նախ իրենց ծրագրերը լրագրողներին ներկայացրեցին:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը սկսեց մայրաքաղաքի խոցելի խնդրից։ «Ամոթ է, որ տարեց մարդն Ա կետից, Բ կետ տեղափոխվի կռացած, սա մեզ սազական չէ», - ասաց Մարությանը։
Ընտրվելու դեպքում Հայկ Մարությանը հեղափոխություն է խոստանում քաղաքային իշխանությունում: Մինչ երևանցիների հետ հանդիպումը, նախ լրագրողներիս վստահեցրեց՝ ինքն ու իր թիմը Երևանի տնտեսության կառավարումը ստանձնելու դեպքում որևէ անձնական շահ չեն հետապնդելու:
«Մենք իրականում առաջին օրվանից սկսելու ենք զբաղվել այն ծրագրերով, որոնք մենք ներկայացրել ենք։ Մեզ ոչ մի կաշկանդող բան չի լինելու։ Ամբողջ մեր թիմը ոչ մի շահ, բացի նրանից, որ մենք ի կատար ածենք մեր ծրագրերը, չունենք», - ասաց քաղաքապետի թեկնածուն։
Մարությանը նշեց, որ նախընտրական ծրագրում ամրագրված հիմնախնդիրների լուծումը հավասարապես կարևորում է՝ մետրոյի կայարանի կառուցումից, անմխիթար տրանսպորտից, անսարք վերելակներից, աղբահանության խնդրից մինչև մանկապարտեզներ ու այլ հարցեր: Կարևորը, ըստ Մարությանի, քաղաքական կամքն է, իսկ այդ հարցերի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումների խոստումներ արդեն ստացել է:
«Անցած իշխանությունների ժամանակ այդ ներդրումների խնդիրը եղել է, որովհետև մարդիկ չեն հավատացել, որ այդ ներդրումները ճշգրտ կգնան այն նպատակներին և ծրագրերին ու կծառայեն այն նպատակներին, որոնց համար արվել է։ Այս դեպքում բացի մեր անձնական պայմանավորվածություններից, կլինեն նաև անակնկալ ներդրողներ, որոնք կհավատան և ներդրում կանեն», - ասաց Մարությանը։
Նախկին իշխանության նկատմամբ անվստահության պատճառների բացահայտման գործը, քաղաքապետ դառնալու դեպքում, Հայկ Մարությանը չի ստանձնելու:
Նա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուտակած հարստության աղբյուրների, քաղաքային բյուջեի չարաշահումների ու համակարգում կոռուպցիոն սկանդալների բացահայտումը վստահելու է իրավապահներին:
«Մեր թիմի համար ամենակարևորը մեր ծրագրի իրականացումն է, իսկ այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները», - ասաց Մարությանը։
«Քայլ արա, Երևան» կարգախոսով «Իմ քայլը» դաշինքը վաղվանից քայլերթով կանցնի երևանյան համայնքներով, իսկ երեկոյան քարոզարշավը կամփոփի հանրահավաքով:
Այս ճանապարհային քարտեզով Երևանում նախընտրական քարոզարշավը կանցկացնի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հաղթանակի դեպքում Զոհրաբյանն արտերկրի հաջողված քաղաքապետերի փորձով կստանձնի Երևանի կառավարումը, պարտության դեպքում արժանապատվորեն կշնորհավորի հաղթած թեկնածուին:
«Ազատ և արդար ընտրության արդյունքում, եթե երևանցին մեր քաղաքական թիմին, ինձ, չտա վստահության քվե, տա որևէ մեկ այլ քաղաքական ուժի, ես լինելու եմ առաջին մարդը, որ առաջինն է բացելու տվյալ քաղաքական ուժի նախընտրական շտաբի դուռը, ձեռքս մեկնելու եմ, շնորհավորելու եմ և անելու ենք առավելագույնը, որպեսզի քաղաքային նոր իշխանությունը հաջողի»,- ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ի թեկնածուն դարձյալ շեշտեց՝ Երևանին կին քաղաքապետ է անհրաժեշտ: Կանայք, ըստ Զոհրաբյանի, սոցիալական խնդիրների հարցում ավելի զգայուն են և սկզբունքային:
«Ապրելու քաղաք, Երևան» խոստացող թեկնածուն բացեց փակագծերը, թե ինչու Երևանի ավագանիում ութ տարի 2-րդ ուժ համարվող ԲՀԿ խմբակցությանը չի հաջողվել փրկել որևէ այգի կամ պատմամշակութային շինություն:
«Ինչ-որ կարողացել ենք, արել ենք, եթե չի փրկվել, չի փրկվել այն պատճառով, որ ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն և իրենց ձայնը եղել է դոմինանտ։ Դրա համար ենք ասում, որ մեր հիմնական պայքարը, այդ թվում՝ հեղափոխության այս մոտիվացիան, պետք է լինի այն, որ որևէ քաղաքական ուժ չունենա քաղաքական մենաշնորհ», - ասաց ԲՀԿ թեկնածուն։
Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց՝ ընտրվելու դեպքում կոռուպցիայի դեմ պայքարում անողոք է լինելու: