Մատչելիության հղումներ

Հայկ Մարության․ Հինգ տարով գնում եմ ծառայության


«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քարոզարշավը սկսեց Էրեբունիից, քայլելով անցնում էր բակերով, երևանցիներին խոստումներ տալիս, լսում խնդիրները:

Մարությանն ասում է, որ առաջին հերթին արդար ընտրության ուղերձն է հղում․ - «Մենք սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր, այդ օրը ունենալու ենք ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ: Այս օրվան մենք սպասել ենք տասնյակ տարիներ, և այս օրը եկել է: Եվ մենք, մեր երևանցիները, հայ ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը և ինքը ընտրի իր իշխանություններին»:

Նիկոլ Փաշինյանի կուսակից Հայկ Մարությանը լավատես է՝ ընտրակաշառքի փորձեր չեն լինի․ - «Եթե որոշ մարդիկ այնուամենայնիվ փորձեն այդ ճանապարհով գնալ, վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները շատ կտրուկ գործողություններով դա կկանխեն: Նաև իրենք էլ թող մտածեն․ թե՛ էդ կաշառք տվողները, թե՛ կաշառք վերցնողները, որ երկու կողմն էլ պատժվում են»:

Նախընտրական ծրագրում տեղական հանրաքվեներ անցկացնելու դրույթ կա, որ երևանցիներն իրենք որոշեն, օրինակ, որևէ շենքի ճակատագիրը՝ դառնում է խանո՞ւթ, թե՞ մնում հուշարձան: Խոստանում են լուծել տրանսպորտի և աղբի հարցը․ - «Աղբահանությունը մենք պետք է վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում լուծենք, բայց պետք է աշխատենք շուտ լուծենք, որովհետև դա ամենօրյա հարց է: Տրանսպորտը նույնպես ամենօրյա հարց է, բայց ինչքան էլ ուզենք, մի տարուց շուտ դա հնարավոր չի լինելու, և մենք ժամկետ ենք ասում մեկ տարուց երեք տարի: Դա կախված է նաև, թե ինչ ճանապարհով ենք գնալու»:

Մարությանը գիտի, որ մտնելով քաղաքապետարան, գուցե ստիպված լինի նախ կոռուպցիան արմատախիլ անել, հետո նոր ծրագրերի իրականացումը սկսել․ - «Գրեթե համոզված եմ, որ այդպիսի բաներ լինելու են: Դրա համար էլ գալիս ենք, որ էդ սխեմաները քանդենք, ամեն ինչ պարզեցնենք, դարձնենք թափանցիկ և արդեն գնանք առաջ: Ամենակարևոր մեր գործառույթներից մեկն է լինելու, որ գործը սկզբից մինչև վերջ լինելու է թափանցիկ՝ մարդիկ տեսնելու են ինչ է արվում, ոնց է արվում, ամեն լուման քաղաքապետարանի որ նախագծին է գնում»:

«Ազատության» դիտարկմանը, թե, հաշվի առնելով նախկին քաղաքապետի շուրջը ստեղծված վիճակը, խոշորացույցի տակ է հայտնվելու նաև իր ունեցվածքը, Մարությանն արձագանքեց․ - «Ես մինչև այսօր ոչ մի պետական գործի չեմ եղել, ազնիվ աշխատել եմ տարիներ ի վեր: Իմ ունեցվածքը, խնդրեմ, ուզում եք խոշորացույցների, ուզում եք ՆԱՍԱ-ի խոշորացույցներով նայեք, ես խնդիր չունեմ․․․ Երբ ծառայում էի բանակում, ես գիտեի, որ 1,5-2 տարի գնում ես ծառայելու: Ես հիմա այս նույն ծառայությունը հինգ տարի եմ պատկերացնում ինձ համար, հինգ տարով գնում եմ ծառայության: Իսկ ծառայության ժամանակ ի՞նչ պետք է անես․ միայն քո պարտքը կատարես, և միայն պետք է ծառայես: Էսքան բան»:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների անդամներն են, մեծ թվով հասարակական գործիչներ, ակտիվիստներ, որոնք թավշյա հեղափոխությանը պայքարում էին փողոցում:

Վարչապետ Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին՝ ելույթ ունենալով երեկոյան հանրահավաքներում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG