Ոստիկանություն բերման ենթարկված «Ժառանգության» վարչության անդամն ու կուսակցության համակիրը կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի վաղ «Ժառանգության» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը:
«Նրանց հանցանքն այն էր, որ փորձել են «սթրիթ արթ» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին»,- նշված էր հայտարարությունում:
Ոստիկանության Արաբկիրի բաժին մեկնած Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ փողոցում գրաֆիտի անելը օրենքով կարգավորված չէ, և հույս ունի, որ քարոզարշավի ժամանակ նման դեպք չի կրկնվի:
«Հույս ունեմ, որ այլևս չի կրկնվի նման բան: Ըստ էության, մեր երիտասարդները օրենքի շրջաակում են գործել: Ապրիլյան շարժման ժամանակ նման նախադեպեր եղել են, փողոցներում գրաֆիտի արել են, դա օրենքով կարգավորված չէ», - ասաց Մարտիրոսյանը: