Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց մի շարք ընտրախախտումներ քրեականացնող օրենսդրական փոփոխությունների փաթեթը


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ընտրական մի շարք հանցագործությունների համար պատասխանատվությունը խստացնող փոփոխությունների փաթեթը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ դրանք կգործեն արդեն մայրաքաղաքի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում:

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ու անկաշկանդ ընտրության իրավունքն ապահովվելն է:

Բարեգործության անվան տակ ընտրողին դրամ, սննդամթերք, ապրանքներ տալը, խոստանալը, կամ ծառայություններ մատուցելը, անգամ մատուցման խոստում տալն այլևս քրեական հանցագործություններ կհամարվեն: Պատիժը, կառավարության առաջարկով, 2-6 տարի կլինի:

Ընտրակաշառք չի դիտվի ընտրողներին կուսակցության խորհրդանիշով կամ թեկնածուի նկարով 3 հազար դրամը չգերազնացող քարոզչական նյութեր կամ առարկաներ տալը։
Կաշառք ստացողը երեք օր ունի՝ ինքնակամ ներկայացավ իրավապահներին, աջակցեց հանցագործության բացահայտմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից։

Մինչև այժմ բաց քվեարկության համար պատիժ չի եղել․ հիմա թե՛ դա պատժելի կլինի, թե՛ քվեարկած քվեաթերթիկի լուսանկարը կամ տեսաձայնագրությունը հրապարակելը, եթե իրավապահները համարեն, որ անձը շահ է ունեցել: Պատիժը, սակայն, դրամական է՝ 100-200 հազար դրամի չափով:

Իսկ ահա ընտրություններում մեկից ավելի անգամ այլ անձի փոխարեն քվեարկող կազմակերպված խմբին սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում: Այս արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին:

Երեկվա քննարկումների ժամանակ հանրապետականները, մասնավորապես, ընդվզեցին կառավարության առաջարկած նոր փոփոխության՝ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու համար ևս քրեկան պատիժ սահմանելու դեմ։

Ընտրակաշառք ստանալը կամ պահանջելը այժմ էլ քրեորոն պատժելի է, իսկ ահա կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու մասին ձևակերպումը նոր էր, բայց նախկին իշխանության ներկայացուցիչների կարծիքով՝ անորոշ:

Արդարադատության փոխնախարարը երեկ խոստացել էր, ձեւակերպումը կհանեն, այսօր արդեն՝ երկրորդ ընթերցման դրվելիք նախագծում այն բացակայում էր։

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը ձևակերպումից հրաժարվելու կողմնակիցներից մեկն էր, ամբիոնից հորդորեց բոլորին կողմ քվեարկել նախագծին․ - «Կառավարությունը ըստ էության դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ, ադեկվատությունր, արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որոնք մենք ունեինք, և նախագիծը դարձավ իրավաբանորեն գրագետ ու ճիշտ նախագիծ»:

Հանրապետականների կողմ քվեարկության մասին «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը տեսակետ հայտնեց՝ այլընտրանք չունեին․ - «Ի՞նչ էրեսով նրանք կարող են ասել, որ լավ նախագիծ չի: Ո՞ր կետը լավը չի․ որ ընտրակաշառք տվողը պետք ա դատվի՞, որ ընտրակաշառք վերցնող-պահանջողը պետք ա դատվի՞․․․ Ոչ: Լավ նախագիծ ա»:

Հանրապետականները այսօր շատ խոսեցին ավագանու առաջիկա ընտրությունների որակից: Ամբիոնից պատգամավոր Կարինե Աճեմյանը, օրինակ, կառավարությանը կոչ արեց դրսևորել քաղաքական կամք և ազատ արդար ընտրություններ անցկացնել։ Հայտարարեց, թե իրենք անցած տարիներին դրա համար ջանք չեն խնայել․ - «Այս երկար տարիների ընթացքում մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Ընտրական օրենսգիրքը բարելավվի, ընտրությունները կազմակերպվեն արդար, թափանցիկ, և 2017 թվականի ընտրությունները, իմիջիայլոց, ազատ, անկախ Հայաստանում ամենալավն են արձանագրվել: Հորդորում եմ, որպեսզի շատ զգոն լինեն, որովհետև արդեն հնչում են շատ տարբեր մեկնաբանություններ սև ու սպիտակի մասին, հայհոյում են այն ուժերին, որոնք կարող են իրենց խանգարել: Դա նշանակում է, որ ես կարող եմ ենթադրել, որ վաղը կարող են նաև լինել ընտրակեղծարարություններ»:

Հրաչ Հակոբյանը հակադարձեց Կարինե Աճեմյանին․ - «2017 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինքս բազմիցս քարոզարշավին մասնակցելու ընթացքում հանդիպել եմ մի երևույթի, որը ինձ համար պարզապես մի․․․ ուղղակի բառեր չեմ գտնում: Երբ որ մարդիկ տեսնում էին քարոզարշավի շարասյունը և հեռվից ուղղակի ասում էին՝ բա մի բան կա՞: Կամ բնակարանի դուռը թակում ես, բուկլետն ես ներկայացնում, ծրագիրն ես ուզում ներկայացնել մարդուն, և մարդը բացում, ասում ա՝ գոնե մեջը մի բան դնեիք, նոր տայիք: Փաստորեն, ըստ Կարինե Աճեմյանի, ստացվում է, որ դրա՞նք եղել ամենաարդար ընտրությունները: Ոչ: Պարզապես տասը տարի անընդմեջ Հանրապետական կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այդ միջոցով հայտնվի խորհրդարանում: Կարինե Աճեմյանը նոր խոսում էր քաղաքական կամքի մասին և ասում էր, որ արդեն սկսել են սևերի և սպիտակների բաժանել․․․ Գիտեք ինչ, էդ սևերի և սպիտակների բաժանումը զուտ բառեր են եղել Հայկի կողմից, պարոն Մարությանի կողմից, իսկ իրենք գործողությամբ են մարդկանց դասել սևերի և սպիտակների»:

XS
SM
MD
LG