Մատչելիության հղումներ

Շիրխանյանի փաստաբան․ Նախորդ նիստում հրապարակվածը անօրինական ձևով արված ձայնագրություն է


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով անցնող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր անդրադառնալով նախորդ նիստին հրապարակված՝ ենթադրաբար Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի ու Լիլիթ Թորոսյանի խոսակցության ձայնագրությանը՝ ասաց, թե չկա որևէ ապացույց, որ այդ երկխոսությունը տեղի է ունեցել նշված անձանց միջև:

Ալումյանի պնդմամբ՝ դա ապօրինի արված ձայնագրություն էր:

«Ազատության» հարցին, թե արդյոք փորձել է առարկել, որ այդ ձայնագրությունն առհասարակ չհրապարակվի, Ալումյանն պատասխանեց, թե դա իրատեսական չէ, որովհետև դատարանը որոշել է բոլոր նյութերը հրապարակել:

Փաստաբանը հավալեց, որ եթե դատարանն իր վճռի մեջ փորձի հիմնվել դրա վրա՝ որպես ապացուցողական հիմք, կբողոքարկեն վերաքննիչ ատյանում․ - «Դա արվել ա բացարձակ անօրինական ձևով: Եթե ԱԱԾ-ն լիներ և եթե ունենար դատարանի թույլտվություն, այդ երկու նախապայմանների դեպքում՝ հա, կասեինք, որ ինքը օրինական է: Բայց չի արել ԱԱԾ-ն, և դատարանի թույլտվություն չի եղել: Մենք ունենք Վճռաբեկ դատարանի որոշում, որը տարիներ առաջ դեռևս կայացված է եղել, և դատարաններն ամբողջությամբ իրենց պրակտիկան հիմնում են էդ որոշման վրա, որ եթե որևէ ձայնագրություն կատարվել է գաղտնի և առանց դատարանի թույլտվության, ապա ինքը ընդհանրապես չի կարող օգտագործվել որպես ապացույց՝ անկախ նրանից, թե ինքը ինչքանով մեծ ապացուցողական արժեք կարող էր ունենալ»:

Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով: Մեղադրող կողմը պնդում է, թե Շիրխանյանը այս հարցում աջակցել է Արթուր Վարդանյանին:

Նախորդ նիստին մեղադրող դատախազի հրապարակած երկխոսության սղագրությունում քննարկվել են նաև ինքնաթիռը խոցելու մանրամասներ, շոշափվել են նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ներկա և նախկին մի շարք պատգամավորների ու գործարարների անուններ և մականուններ:

Ըստ այդ սղագրության, երկխոսության ենթադրյալ մասնակիցներ Արթուր Վարդանյանն անընդհատ խնդրել է Վահան Շիրխանյանին հանդիպում կազմակերպել Պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Այս առնչությամբ Հայկ Ալումյան ասաց․ - «Եթե մի պահ կոնտակտ լիներ նաև Արթուր Վարդանյանի և որևիցե ուրիշ անձի միջև, որը հետաքրքրել է էս քննությանը, հնարավոր է, որ նրա դեմ էլ ունենայինք ինչ-որ անօրինական ապացույցներ, ինչպես ունենք էսօր Վահան Շիրխանյանի դեմ»:

Զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը, ի դեպ, անցավ փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում:

Փաստաբանները, դիմելով դատարանին, հայտարարեցին, որ մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հրապարակում է ոչ թե փաստաթղթերը, այլ դրանց վերնագրերը՝ պնդելով, որ այդպիսի կարգ գոյություն չունի:

«Վերնագրերի հրապարակման գործողություն գոյություն չունի քրեական դատավարությունում», - ասաց Ալումյանը: - «Որևէ փաստաթուղթ, որի միայն վերնագիրն ա հրապարակվել, հետազոտված համարվել չի կարող»:

Դատախազը հակադարձեց․ - «Վերնագրեր չեն հրապարակվում: Որևէ տեղ չկա սահմանված, թե փաստաթղթի հետազոտումը ինչ կոնկրետ կերպով պետք է կատարվի: Փաստաթղթի հետազոտություն ընդհանրապես չի նշանակում ամբողջ փաստաթուղթը՝ սկզբի տառից մինչև վերջին տառը կարդալ»:

Պաշտպաները, դիմելով դատարանին, ասացին՝ ինչպե՞ս է դատախազն ապացուցված համարում իր կողմից հրապարակված բոլոր փաստաթղթերն ու նշում, որ դրանք պատրաստվում է հետագայում օգտագործել:

Այս գործով, հիշեցնեմ, մեղադրանք է առաջադրվել 33 հոգու:

XS
SM
MD
LG