Դատախազը հայտարարեց, որ ընթերցում է Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի գաղտնի զրույցի սղագրությունը: Զրույցը, ըստ դատախազի, տեղի է ունեցել Լիլիթ Թորոսյանի մասնակցությամբ, ով այս գործից անջատված մասով անցնող ամբաստանյալներից է: Ձայնագրություններն իրավապահները հայտնաբերել ու առգրավվել են Թորոսյանի համակարգչից:
Նա, ի դեպ, Գյումրիի «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի թղթակիցն է, Վահան Շիրխանյանը՝ Պաշտպանության նախկին փոխնախարար, իսկ Արթուր Վարդանյանը՝ այս գործով անցնող գլխավոր մեղադրյալը:
Դատախազի ընթերցած սղագրությունում շոշափվում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունները և հանրությանը հայտնի մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաների ու գործարարների մականուններ:
Սղագրության տեքստի համաձայն՝ երկխոսությունը ծրագրվող գործողությունների մասին է:
Երբ դատախազը սկսեց կարդալ այն, Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդեց, թե քանի որ սղագրությունում գրված չէ Վահան Շիրխանյան, այլ գրված է Վ.Շ․, ուստի «իրենք դեռ վստահ չենք, որ դրանք Վահան Շիրխանյանի խոսքերն են»։
Պաշտպանը պահանջեց կարդալ այնպես, ինչպես գրված է․ - «Էս պահի դրությամբ ոչ ոք չէր կարող ասել և ոչ ոք էդպիսի ապացույց չուներ, որ էս խոսակցության մասնակիցներն են Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և Լիլիթը: Սա չի ուղղակի մերկապարանոց գրվել ա»:
Դատախազն արձագանքեց․ - «Կարդում եմ այն, ինչ գրված է՝ բացելով հապավումները»:
Ալումյանի պնդումներից հետո՝ դատախազը Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի երկխոսությունը կարդալիս ասում էր՝ Վ․Շ և Ա․Վ: Ըստ դատախազի ընթերցած սղագրության՝ Վ․Շ-ն Ա․Վ.-ի պատմել է, թե Սեյրան Օհանյանն ինքն է հոգնել «ավազակներից»:
Սղագրությունում նաև խոսվում է, թե Սեյրան Օհանյանը չի սիրում երկրորդ ու երրորդ նախագահներին և մի քանի մականունավոր պաշտոնյաների:
Ըստ դատախազի ընթերցած տեքստի, Ա․Վ․-ն ու Վ․Շ․-ն նաև քննարկել են ինքնաթիռ խոցելու տարբերակներ և այլն․ - «Վ․Շ․ - Գիտես, Սերժը ունի մի հատ մեթոդ: Ա․Վ․ - Թույլ կո՞ղմ: Վ․Շ․ - Ինքն ուժեղ մարդկանց երբեք չի հերոսացնում: Ինքը ուժեղ մարդկանց պահում ա էն վիճակում, որ իրանք ո՛չ հերոս են, ո՛չ էլ հանցագործ, որ իրենք վնաս չտան: Սեյրանին եթե էսօր հանեց, Սեյրանը մի ամսում ստեղծում է կուսակցություն, մտնում է ընդդիմություն՝ էդ սա իրա ռեսուրսներով: Դրսի ռեսուրսները Սեյրանի շատ են: Ա․Վ․ - Ի՞նչ ռեսուրսներ ունի որ: Վ․Շ․ - Դրսի: Ֆինանսական․․․ Ինքը չունի, իրան տալու են անմիջապես: Եթե էդպիսի բան լինի, մի քանի շատ հարուստ մարդիկ էսօր պատրաստ են: Ասում են՝ էդ միությունը ստեղծվի, մենք ինչքան պետք է, կդնենք դրա վրա: Վ․Շ․ - Պատահար է՝ ճանապարհին շուռ է եղել, քար է գլորվել վերևից, մեքենան ընկել է ձորը, ինքնաթիռը թռնում ա ու ընկնում, թող մեջը մի հիսուն հոգի էլ մարդ լինի․․․ Ա․ Վ․ - Կարա՞նք իմանանք, թե որ օրն ա թռնելու: Վ․Շ․ - Պըտի իմանանք»:
Ըստ սղագրության՝ Ա․Վ․-ն պատրաստվել է աջակցել 2015-ի սահմանադրական բարեփոխումների դեմ ցույցերի կազմակերպմանը: Տեքստում ասվում է՝ «առանց բախումների»:
Երբ դատախազը շարունակում էր ընթերցել գաղտնագրված երկխոսության սղագրությունը, խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց, որ այդ ձայնագրությունները որպես օպերատիվ տեղեկատվություն բերեն դատարան ու հետազոտվեն: Ապա հավելեց՝ էս ո՞ր թիվն է, որ գաղտնի ձայնագրեն: Նաև պնդեց՝ մտադրության բացահայտումը դիտվում է որպես հանցագործություն ու դա մեկ ժամ ընթերցվում՝ իրավաչափ չէ․ - «Ձայնը հեռվից է: Այսինքն ին՞նչ հետևություն կարելի է անել: Զապիս կոչվածը, որը որ դրված է եղել սեղանին կամ սեղանի տակ, կամ պատերին․․․ մարդիկ գնացել են, ձայնը հեռվացել ա: Այսինքն նշանակում ա, որ էդ զապիսը տեղն ա մնացել, ձենն էլ հեռվացել ա: Բայց, չգիտես ինչի, հայտնվում ա Լիլիթի կոմպյուտերի մեջ: Ի՞նչ ա ստացվում․ կա՛մ Լիլիթին տվեցին, ասին՝ Լիլիթ, դու պետք ա հայտարարես, որ սա քո կոմպյուտերի մեջ ա եղել, և դու պետք ա լինես ազատության մեջ, կա՛մ Լիլիթը ետ ա վերադարձրել գաղտնի ձևով, որ ոչ մեկը չի տեսել էդ ամեն ինչը, էդ զապիսը վերցրել է և տարել ա դրել ա կոմպյուտերի մեջ»:
Դատակա նիստը հետաձգվեց՝ պատպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Ըստ ԱԱԾ-ի հիշեցնենք՝ գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Սըտ մեղադրանքի Շիրխանյանն աջակցել է Արթուր Վարդանյանին: