Շարունակվում է Նորքի զինված խմբի գործով դատավարությունը։
Մեղադրող դատախազը հրապարակեց գործի հիմքում դրված ապացույցները, այդ թվում՝ ամբաստանյալների խոսակցությունների սղագրությունները։
Դատախազը հայտարարեց, որ ընթերցում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի գաղտնի զրույցի արձանագրությունը, որը տեղի է ունեցել Լիլիթ Թորոսյանի մասնակցությամբ։ Լիլիթ Թորոսյանը, հիշեցնենք, Գյումրու «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի թղթակիցն է։
Այդ պահին Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդեց՝ քանի որ գրված չէ Վահան Շիրխանյան, այլ գրված է Վ.Շ․, «մենք դեռ վստահ չենք, որ դրանք Վահան Շիրխանյանի խոսքերն են»։ Պաշտպանը պահանջեց կարդալ այնպես, ինչպես գրված է:
Դատախազը շարունակեց՝ Վ.Շ.-ի և Ա. Վ.-ի զրույցում շոշափվում են երկրորդ և երրորդ նախագահների անունները։ «Պետք է ինքնաթիռը խոցվի, թող մեջն էլ 50 մարդ լինի, մի 50 տարի հետո էլ կփորձեն ճշտել, թե որ կողմից է խոցվել ինքնաթիռը», - ըստ հրապարակված արձանագրության՝ Վ.Շ․-ն ասել է Ա.Վ․-ին։
Վ.Շ․-ն, ըստ դատախազի ներկայացրած արձանագրության, հիշատակել է մականունավոր պաշտոնյաների, որոնք, ըստ նրա, թալանել են երկիրը։ Վ.Շ․-ն նաև ասել է, որ պաշտպանության այժմ նախկին նախարար Սեյրան Օհանյանն «ինքը չի վստահում» երկրի նախագահ Սերժ Սարգսյանին։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), հիշեցնենք, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի:
Մանրամասներն՝ ավելի ուշ