Փաստաբանն ասաց, որ նախորդ նիստի ընթացքում, երբ դատարանը սանկցիա էր կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, ու նրան հեռացնում էին դահլիճից, մեղադրող դատախազը նրան ասել էր՝ ականջներդ կկտրեմ:
«Օրենքի ուժով դատախազությունը սույն գործով ներկայացնում է լիազոր մարմին և պետության անունից հայտարարում է՝ ականջներդ կկտրեմ: Դա ոչ միայն հակասում է Սահմանադրությանը և ներպետական օրենքներին, այլ կարծում եմ, իր մեջ պարունակում է նաև հանցակազմ: Ցանկանում եմ, որպեսզի նախագահող դատավորը արդարադատություն իրականացնելիս գոնե նմանատիպ հարցերում դրսևորի օբյեկտիվ մոտեցում: Եթե անդրադառնում է Արթուր Վարդանյանին դիտողություն անելուն և դահլիճից հեռացնելուն, ապա պետք է գնահատական տա նաև մեղադրող դատախազի՝ ապացույցները նման ձևաչափով ներկայացնելու, ինչպես նաև դատախազի հակաօրինական վարքագծին: Միջնորդում եմ՝ դատախազ Գևորգ Սարգսյանի նկատմամբ կիրառել դատական ցանկացած սանկցիա՝ նախատեսված սույն հոդվածի առաջին մասի առաջինից չորրորդ կետերով»:
Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն այդպիսի բան չի ասել․ - ««Ինչ վերաբերում է ինչ-որ այլ արտահայտությունների, դատական նիստի ընթացքում կամ դրանից հետո որևէ նմանատիպ արտահայտություններ չեն եղել: Գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման»:
Նույն գործով անցնող գլխավոր մեղադրյալներից Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հակադարձեց, որ նման բան եղել է․ - «Ես անձամբ ասում եմ, որ եղել ա: Ընդհանրապես մենք պետք է կարողանանք, եթե մի բան ասում ենք կամ անում ենք, պատրաստ լինենք դրա պատասխանատվությունը վերցնել մեզ վրա: Լավ չի, եթե մեղադրողը ասում է՝ ես չեմ ասել: Ես գտնում եմ, որ եթե դատարանը պաշտպանական կողմի նկատմամբ կարող է իրեն թույլ տալ սանկցիաներ կիրառել, պիտի կարողանա թույլ տալ նաև մեղադրանքի կողմի նկատմամբ սանկցիաներ կիրառել»:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ ու հայտարարեց, որ միջնորդությունը մերժված է:
Երբ մեղադրող դատախազը շարունակեց ներկայացնել գործում առկա ապացուցների արձանագրություները, ամբաստանյալ Վահան Շիրխանյանը տեղից արձագանքեց․ - «Գյուղի ազատամարտիկների նկարը Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ի՞նչ ապացույց է, 37 թի՞վն է: Վազգեն Սարգսյանի հետ նկարվել ենք: Հետո՞ ինչ: Գյուղի ազատամարտիկների ցուցակը․․․ Ձե՞զ ինչ․․․ Ես ուզում եմ իմաստը հասկանալ էս գործի․․․ Ի՞նչ է սա, 37 թի՞վն է․․․ Մեկին ժպտացել է, մեկի մոտ նկարվել է՝ ահա, բռնեցին․․․»
Մեղադրող դատախազն ասաց, թե գուցե պաշտպա՞նն իր վստահորդին բացատրի, թե դատավարությունը որ փուլում է: Շիրխանյանի փաստաբանն էլ բացատրեց, բայց ոչ թե իր վստահորդին, այլ դատախազին․ - «Հարցը հասավ նրան, որ ես մեղադրողին պարզաբանեմ իր իրավունքներն ու պարտականությունները։ Էս փուլում հետազոտվում են մեղադրանքի ապացույցները: Պարոն Շիրխանյանը, չլինելով իրավաբան, զուտ տրամաբանությունից ելնելով հասկացավ էդ պահը, որ եթե հիմա մեղադրողները ապացույցներ են ներկայացնում, այդ ապացույցները իրենց բնույթով պիտի լինեն մեղադրական»:
Այս գործով, երբ յուրաքանչյուր նիստին մեղադրող դատախազները հատոր առ հատոր կարդում են գործում առկա մեղադրական ապացույցները, փաստաբանները դժգոհում էին, թե դա ժամանակի կորուստ է: Այսօր նույնպես փաստաբաններ Հովիկ Արսենյանը, Գիվի Հարությունյանն ու մյուսները՝ միանալով Ալումյանին, ասացին, թե կա ապացույցի տեսակ, որը կոչվում է «այլ փաստաթուղթ», և դատախազներն այսօր դրանք են հրապարակում: Հորդորեցին՝ հրապարկել միայն այն փաստաթղթերը, որոնք գործում որպես ապացույց են կցված: Նաև պնդեցին՝ հակառակ դեպքում բանը կհասնի անձնական ալբոմների լուսանկարների հրապարակմանը:
Դատախազ Գևորգ Սարգսյանը կարճ էր՝ այն, ինչ ներկայացվում է, կարևոր է:
Չնայած փաստաբանների հորդորներին՝ մեղադրող կողմը շարունակեց ընթերցել առկա փաստաթղթերը մինչև գլխավոր մեղադրյալներից Վահան Շիրխանյանն ասաց, որ այլևս չի կարող նստած մնալ, սաստիկ ցավեր ունի: Դատական նիստը հետաձգվեց:
Ըստ մեղադրանքի, զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը ծրագրել էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու: