Մատչելիության հղումներ

Ալիևը խոսում է Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման մասին


 Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, արխիվ
Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի նախագահի խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թիվը կարող է ավելանալ 2-2.5 անգամ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգում իր հանդիպումները Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ:

Նրա խոսքով, Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով:

«Մենք միայն փուլային տարբերակով կարող ենք լուծել այդ հարցը: Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հարցի վերաբերյալ հայտնի է, այն երբեք չի փոխվել և չի փոխվի: Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն Ադրբեջանի պատմական հողերի վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

APA գործակալության փոխանցմամբ, Ալիևն անդրադարձել է պետերբուրգյան հայտարարությունում արծարծված ևս մի հարցի:

«Հուսով եմ գործընթացը կշարունակվի արագացված տեմպով: Մենք կրկին գնում ենք այդ բանակցություններին առանց որևէ նախապայմաններ ընդունելու: Համատեղ ընդունված հայտարարությունում ներկայացված է ամեն ինչ, այդ թվում և՝ խնդրի կարգավորման ճանապարհները: Դրան զուգահեռ քննարկվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների ավելացման հարցը: Ճիշտ է, այնտեղ թվաքանակ չի նշվում, բայց ես կարող եմ ասել, որ այն կարող է բազմապատկվել առավելագույնը 2-2.5 անգամ: Այսինքն, այստեղ հարցը մեծ առաքելության մասին չէ: Եթե հաշվի առնենք, որ շփման գիծը չափվում է տասնյակ կիլոմետրերով՝ պետք չէ այստեղ որևէ այլ իմաստ փնտրել: Մանդատը նույնպես իր տեղում է, դրանում ոչ մի փոփոխություն չի եղել: Պարզապես 6 աշխատակիցների փոխարեն 12, 13 կամ 14-ը կլինեն, ահա և վերջ»:

Ադրբեջանի նախագահն անդրադառնում է նաև շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառմանը:

«Ինչ վերաբերում է հայերի կողմից առաջ քաշված նախապայմանին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցին, կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախևառաջ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այս պարագայում այդ հարցն այսօր դիտարկելը սխալ կլիներ: Երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը: Եթե այդպիսով ի նկատի ունեն «սառեցնել» կոնֆլիկտը և շփման գծում հավելյալ այլ միջոցներ ընդունել, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»:

«Այնտեղ նշվում է, որ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը կայունացել է: Կրակի դադարեցման ռեժիմը վերականգնվել է, ինչը գնահատվում է որպես դրական երևույթ: Այս դեպքում ոչ մի անհրաժեշտություն չկա միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կիրառելու: Այսինքն, նաև այս նախապայմանը չի ընդունվել»:

Հիշեցնենք, ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ Երևանն ու Բաքուն հանդես եկան իրարամերժ հայտարարություններով: Այդ հայտարարություններից հետո պաշտոնական Մոսկվան քննադատեց Բաքվի մեկնաբանությունները՝ դրանք «խեղաթյուրված» որակելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG