Նովրուզ Մամեդովը երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր, արտգործնախարարության փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններին։
Մամեդովը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ANS հեռուստատեսությանը ասել է, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել փուլային եղանակով։ «Այսինքն՝ նախ հայկական կողմը հանձնում է հինգ շրջանները, ապա՝ ևս երկու շրջան, և միջանցք է բացվում, այնուհետև որոշվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Կողմերը նման համաձայնության են եկել», - հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Հակադարձելով Մամեդովին՝ Նալբանդյանն ասել է, որ վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», - վստահեցրել է Նալբանդյանը։
Նա ընդգծել է, որ այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։
«Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։