Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «խեղաթյուրված» է որակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները: Այսօր ասուլիսին լրագրողներից մեկի խնդրանքին՝ մեկնաբանել Ադրբեջանի վերջին հայտարարությունները Զախարովան, արձագանքել է․- «Դա Ադրբեջանի կողմից փորձ է յուրովի մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Խոսնակը նաև մեջբերումներ է արել Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարության տեքստից․ - «Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն են ընդունել: Նրանք, ինչպես հստակ նշված է այդ հայտարարությունում, վերահաստատել են մայիսի 16-ին Վիեննայում՝ վերջին հայ-ադրբեջանական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը, խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այս նպատակով նրանք մասնավորապես պայմանավորվել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Կողմերը նաև գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ:
Ես մեջբերում եմ հայտարարությունը, որը կարելի է գտնել բոլոր պաշտոնական կայքերում: Սա, կարելի է ասել, կոլեկտիվ խնդրանք է, պետք է առաջնորդվել հայտարարության օրիգինալ տեքստով, ոչ թե այն բավականին ոչ բարեխիղճ հայտարարություններով, որոնք մենք լսեցինք: Կա կոնկրետ հայտարարություն, այն հնչեցվել է, դա պաշտոնական փաստաթուղթ է, պետք է հիմք ընդունել ոչ թե ինչ-որ ազատ մեկնաբանություններ կամ որևէ մեկի խեղաթյուրված մեկնաբանությունը, այլ հենց այդ փաստաթուղթը», - ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, երեկ Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովին, հաղորդել էր, թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը իբր համաձայնության են եկել խնդրի փուլային կարգավորման շուրջ:
Այս հայտարարությանն արձագանքել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: