Մատչելիության հղումներ

Բաքուն և Երևանը հանդես եկան իրարամերժ մեկնաբանություններով


Նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը Կոնստանտինյան պալատում քննարկում են ղարաբաղյան խնդիրը: Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016 թ.
Նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը Կոնստանտինյան պալատում քննարկում են ղարաբաղյան խնդիրը: Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016 թ.

Իսկ Մոսկվան, ըստ Stratfor-ի, փորձում է հզորացնել ազդեցությունը տարածաշրջանում:

Նախապատվությունը տրվել է փուլային տարբերակի՞ն

Trend լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովին, ով ասել է, թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը իբր համաձայնության են եկել խնդրի փուլային կարգավորման շուրջ:

«Նախապատվությունը տրվել է փուլային կարգավորմանը, ասել է թե՝ հետայսու կարգավորումը պետք է ընթանա փուլերով․ նախ պետք է ազատագրվեն Ադրբեջանի հինգ գրավյալ շրջանները, ապա՝ ևս երկուսը, կորոշվի միջանցքի հարցը և հետո կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - ասել է Մամեդովը:

Նրա պնդմամբ՝ այս ուղղությամբ կողմերը սկզբունքորեն համաձայնության են հասել:

Trend-ի փոխանցմամբ, Մամեդովը նաև չի բացառել, թե «ինչպես նախկինում, Հայաստանը կարող է դիմել սադրիչ գործողությունների և հրաժարվի կատարել ստանձնած խոստումը»:

Այնուհետև Մամեդովն ասել է, թե Ադրբեջանը և Ռուսաստանն ունեն հարաբերությունների շատ բարձր մակարդակ, ռազմավարական գործընկերներ են, հաստատել են բարեկամական, բարիդրացիական կապեր, ունեն ընդհանուր պատմություն, համագործակցում են մշակութային, տնտեսական, քաղաքական և անվտանգության ասպարեզներում:

Ըստ Մամեդովի, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, ուստի, հաշվի առնելով հնարավորությունները և դիրքը, կարող է վճռական դեր կատարել Լեռնային Ղարաբաղի համակարտությունը միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու հարցում:

«Օրինակ, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նույնպես համանախագահողներ են, բայց համեմատաբար հեռու են այդ գործընթացներից», - ասել է Մամեդովը:

«Մամեդովը երբեք չի մասնակցել բանակցություններին»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի այդ մեկնաբանություններին այսօր անմիջապես անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ հարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն Պետերբուրգում ձեռք չի բերվել:

Նա նշել է, որ վերջին հանդիպման ժամանակ Մամեդովը ներկա էր միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման հարցը:

«Ինչ վերաբերում է հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», - ասել է Նալբանդյանը:

Նրա փոխանցմամբ, այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները․ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։

«Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ռուսների նպատակն է Ղարաբաղի խնդիրը դարձնել «կառավարելի հակամարտություն»

Մինչդեռ, այսօր Stratfor վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց, որի համաձայն, չնայած Ղարաբաղի հարցում գործադրվող դիվանագիտական ջանքերին, հակամարտության հիմքում դրված վեճերը դեռ լուծում չունեն․ - «Սարգսյանը և Ալիևը վերահաստատել են խնդիրը կարգավորելու մտադրությունը և պայմանավորվել են ամեն ամիս անցկացնել բարձր մակարդակով հանդիպումներ, բայց արագ կարգավորման հեռանկար չկա, հայերը ցանկանում են պահպանել Ղարաբաղի նկատմամբ ձեռք բերած փաստացի վերահսկողությունը, իսկ Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն»:

Ռուսների գործոնը, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, նոր բարդություն է առաջացնում, քանի որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, բայց միաժամանակ ամեն բան անում է Ադրբեջանի հետ համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ, և ապրիլյան մարտերի օրերին, փաստորեն, չի պաշտպանել Հայաստանին, փոխարենը փորձել է հանդես գալ իբրև չեզոք միջնորդ․ - «Ռուսների նպատակն է Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել այսպես կոչված կառավարելի հակամարտություն, որի կարգավորումը ղեկավարում է Մոսկվան»:

Ըստ Stratfor-ի, այդ ռազմավարությունը հետապնդում է երկու նպատակ՝ վանել բոլոր ուրիշ դերակատարներին, մասնավորապես՝ Արևմուտքին և Թուրքիային, և բացի այդ՝ պահպանել ու հզորացնել ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա․ - «Դիվանագիտական քայլերը դեռ արդյունք տալիս են, հրադադարի խախտումների թիվը և ինտենսիվությունը նվազել են, բայց այս համեմատաբար խաղաղ վիճակի պահպանումը երաշխավորված չէ: Ադրբեջանը հետզհետե ավելի անհամբեր է դառնում»:

«Քանի դեռ խաղաղությանն ուղղված բանակցությունները չեն կամրջում վիճելի տարածքի շուրջ սկզբունքային անհամաձայնություն ունեցող կողմերի դիրքորոշումները, տարածաշրջանում հավերժ կլինի հետագա բռնությունների վտանգ», - նշում են Stratfor-ի փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG