Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ի բողոքի ակցիան ոստիկանության հետ բախումներով ընթացավ


Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակել պահանջող ընդդիմադիրները փակել էին Մաշտոցի պողոտան:

Ցուցարարներից ոմանք ձեռքերը շղթայած պառկել էին փողոցի երկայնքով, մյուսները շղթաները մեխում էին ասֆալտին:

Րոպեներ անց տեղ հասած իրավապահները ուժի գործադրմամբ բացեցին փողոցը․ պառկած ակտիվիստներին հրելով մտցնում էին ոստիկանական մեքենաներ ու բերման ենթարկում կամ քարշ տալիս մայթեր:

Գետնին պառկած Ռուզաննա Եղնուկյանը մարմնական վնասվածք ստացավ, արնահոսող ճակատով կինը տևական ժամանակ պառկած էր պողոտայի կենտրոնում:

Հետո ոստիկանները նրան մայթ տեղափոխեցին, մինչև կգար շտապ օգնության մեքենան:

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ խառնաշփոթի ժամանակ Ռուզաննայի գլխին ոստիկանն է ոտքով հարվածել․ - «Մենք պարոն Օսիպյանին հենց նոր ցույց տվեցինք, թե դա որ ոստիկանն է եղել: Որը մոտեցել է, տեսել է կանայք կքանիստ են արած, և ոստիկանը բարձրացնում է ոտքը և խփում է կնոջ ճակատին»:

Ավելի ուշ տեղ հասած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն, պնդում էր, որ Եղնուկյանի ճակատը քաշքշուկի հետևանքով է վնասվել․ - «Շղթաներով հարվածել են ասֆալտին, և հետագայում, երբ ոստիկանները փորձել են նրանցից ազատել բանուկ մասը, վերականգնել երթևեկությունը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել է․․․ Ես այստեղ չեմ եղել, ինձ այդպես են զեկուցել»:

«Ազատության» լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմադիրները պնդում են, որ ոստիկանը ոտքով է հարվածել կնոջ գլխին, Օսիպյանը հակադարձեց․ - «Ձեզ թվում ա, ուրիշ բա՞ն պետք է ասեին»:

Ակցիայի ավարտին կային մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ: Ոստիկանները բաժին տարան նաև մայթին կանգնած ցուցարարներից մեկին: Երևանի փոխոստիկանապետը հիմնավորեց․ - «Ակցիայի մասնակից էր, սահմանափակել էր մյուս քաղաքացիների [ազատ տեղաշարժվելու իրավունքը]»:

Օսիպյանը ոստիկանության այսօրվա գործողությունները որակեց համաչափ՝ թեև ընդդիմադիրները բարձրաձայնում էին բռնությունների մասին:

«Ուժ կիրառելը օրենքով նախատեսված է», - հայտարարեց մայրաքաղաքի փոխոստիկանապետը:

Բերման ենթարկված 14 ցուցարարները ժամեր անց ազատ արձակվեցին:

Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխված Ռուզաննա Եղնուկյանի ճակատին չորս կար է դրվել: Վերակենդանացման բաժանմունքի բաժնի վարիչ Սամվել Կարապետյանի փոխանցմամբ, կապտուկներ, կոտրվածքներ չեն հայտնաբերվել՝ միայն սալջարդ:

Բժիշկը դժվարացավ գնահատել, թե ինչի հետևանք կարող էր լինել ճակատի վնասվածքը․ - «Դա էքսպերտների հարց է»:

Ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց հասած Եղնուկյանի ամուսինը համոզված էր, որ կնոջը գլխին ոտքով են հարվածել․ - «Ես չեմ կարողացել կնոջս հետ խոսել, որովհետև ինքը ի վիճակի չի խոսելու․․․ Աչքերը չի բացում և չի խոսում: Ինձ բացահայտ է, որ դա հարված է եղել: Որովհետև նա գետնին էր և երբեք գետնից չէր էլ բարձրացել վերև: Միայն ոտքի հարված կարող է լինել»:

Բողոքի ակցիան կազմակերպվել էր վաղվա դատական նիստին ընդառաջ․ քննիչը միջնորդել է մեկուկես ամսով երկարացնել Գևորգ Սաֆարյանի կալանքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ին ընդդիմադիրը պետք է ազատ արձակվի:

XS
SM
MD
LG