Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը՝ նույն միջադեպով և՛ մեղադրյալ, և՛ տուժող


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Ակտիվիստի փաստաբանի պնդմամբ, առկա են նույնատիպ երկու գործեր, մինչդեռ ոչ հավասար մոտեցում է ցուցաբերվում՝ ոստիկաններն արտոնյալ վիճակում են:

Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող՝ քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը երկու օր առաջ նույն միջադեպի շրջանակներում նաև տուժող է ճանաչվել, փոխանցում է ակտիվիստի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը: Վերջինիս պնդմամբ՝ ստեղծված իրավիճակում իր պաշտպանյալը պետք է ազատվի կալանքից:

«Հնարավոր չի զուգահեռ օբյեկտիվ, արդար դատաքննություն իրականացնել էն պայմաններում, երբ մեկը անազատության մեջ է, հետևաբար՝ պետք է նաև ոստիկաններին մեղադրանք առաջադրել, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել, որպեսզի երկու գործերով հավասար մոտեցում լինի»,- ասում է Սաֆարյանի փաստաբանը:

Արդեն երեք ամիս անազատության մեջ գտնվող Սաֆարյանն ու «Նոր Հայաստան» շարժման 5 այլ անդամներ հաղորդում էին ներկայացրել Ոստիկանության դեմ՝ պնդելով, որ իրենց տոնական ակցիայի ժամանակ հենց իրավապահներն են բռնություն գործադրել, ոչ թե իրենք: Փաստաբան Հայրապետյանի պնդմամբ, առկա են նույնատիպ երկու գործեր, մինչդեռ՝ ոչ հավասար մոտեցում է ցուցաբերվում:

«Գեղամ Խաչատրյանի հաղորդման հիման վրա միանգամից քրեական գործ հարուցվեց, մեղադրանք առաջադրվեց, Գևորգը կալանավորվեց: Մյուս դեպքում, արդեն անցել է երկար ժամանակ, մեղադրանք չի առաջադրվում, որևէ մեկի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ չկա մեղադրանք»,- համադրում է Հայրապետյանը:

Ըստ նրա, ակտիվիստին կալանքի տակ են պահում հիմնավորմամբ, թե նա կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, այնինչ՝ ոստիկանները խոչընդոտելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: «Գործով բոլոր վկաները Գեղամ Խաչատրյանի ենթականերն են և անմիջականորեն պաշտպանում են իրենց հրամանատարին, տալիս են այնպիսի ցուցմունքներ, ինչպիսին հրամանատարն է տվել: Բնականաբար, այս պայմաններում Գևորգն ընդհանրապես չի կարող ազդել ոստիկանների ցուցմունքների վրա, իսկ Գեղամ Խաչատրյանն անմիջականորեն կարող է ազդել»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:

Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 1-ին, ըստ նրա շահերի ներկայացուցչի, եթե անգամ հիմնավորվի, որ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, նա պետք է մեղադրվի ավելի մեղմ՝ միայն տուգանք նախատեսող հոդվածով: «Կարևոր չի՝ ոստիկանի համազգեստով անձն է կռվում, ծեծի ենթարկում մյուսին, թե մյուսն է ծեծի ենթարկում ոստիկանի համազգեստով անձին, եթե չկա ծառայողական պարտականություններ կատարելու հանգամանքը: Իսկ այն, որ չկա ծառայողական պարտականություններ կատարելու հանգամանքը, տեսաձայնագրություններում հստակ երևում է: Երկու շարք կանգնած՝ մի կողմից՝ ակցիայի մասնակիցները, մյուս կողմից՝ ոստիկանները, սարսափելի հայհոյանքներ են փոխանցում իրար»:

Հայրապետյանի խոսքով, երեկ դատախազը վարույթից հեռացրել է ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպին առնչվող երկու գործերը քննող քննիչին, և այժմ այդ գործերով այլ քննչական խումբ է զբաղվում: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Սաֆարյանը տուժող է ճանաչվել Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ՝ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուն առնչվող գործի շրջանակում:

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Սաֆարյանին առնչվող նշված գործերով նոր զարգացումները ձևական բնույթ ունեն: «Ինչ-որ իրավական պրոցեսների իմիտացիա են փորձում անել, հավանաբար՝ ոչ թե մեր ժողովրդի, այլ արտաքին ֆրոնտի համար է, կարծում եմ, այդ իմիտացիան: Այս ռեժիմը փորձում է ինչ-որ ձևականություն ցույց տալ աշխարհին, որ մեր երկրում իրավական պրոցես գոյություն ունի»- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG