Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերի նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկանների գործողությունները՝ «իրավաչափ»


Ոստիկաններն ուժ են կիրառում որդեկորույս մայրերի ցույցը ցրելու համար, Երևան, 13-ը մայիսի, 2015թ.
Ոստիկաններն ուժ են կիրառում որդեկորույս մայրերի ցույցը ցրելու համար, Երևան, 13-ը մայիսի, 2015թ.

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է զոհված զինծառայողների ծնողներին մայիսի 13-ին բռնի ուժով նախագահականի մայթից մյուս մայթ տեղափոխած ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը:

Պաշտոնական գրության համաձայն, մայիսին տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ։

Իրինա Ղազարյան, զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը
Իրինա Ղազարյան, զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը

«Հերիք չէ իմ ցավը, որ իմ երեխային սպանել են ու ոչ մեկը պատասխան չի տալիս, ՀՔԾ-ն գործը կարճում է: Այսինքն ևս մի ապացույց, որ հանցագործներին իրենք պահում են», - ասում է զոհված Արթուր Ղազարյանի մայր Իրինա Ղազարյանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Իրինա Ղազարյանի խոսքով, որդեկորույս մայրերը նախագահի նստավայր են գնում 2012 թվականից: Թեև այդ այցերը արդյունք չեն տվել, սակայն, որպես կանոն, խաղաղ են անցել, մինչդեռ այս տարի արդեն երկրորդ անգամ են ոստիկանների կողմից կոպիտ վերաբերմունքի արժանանում։ Փետրվարին նախագահականի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո քրեական գործ այդպես էլ չհարուցվեց, միայն երկու ոստիկան կարգապահական տույժի ենթարկվեց։ Որդեկորույս մայրը բողոքում է, որ Հատուկ քննչականում հաշվի չեն առել ո՛չ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ո՛չ լրատվամիջոցների հրապարակած տեսանյութը։

«Եթե փորձաքննությունն էլ չգար, տեսանյութով երևում է ամեն ինչ՝ ինչպես են իրենք քաշում, հրում ծնողներին», - ասում է նա:

Հայկուհի Հարությունյան, իրավապաշտպան
Հայկուհի Հարությունյան, իրավապաշտպան

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը նշում է, որ եթե փետրվարին տեղի ունեցած միջադեպից հետո գոնե տույժ կիրառվեց ոստիկանների նկատմամբ, այս անգամ նույնիսկ դա չի արվում: Ավելին՝ նշվում է, թե ծնողներն իրենք են հավաքների ազատության մասին օրենքը խախտել և խանգարել նախագահականի բնականոն աշխատանքը։

«Ուղղակի զարմանալի է, թե ինչպե՞ս են չորս կամ վեց ծնողներ իրենց երեխաների նկարները վեր բարձրացրած խանգարել ամբողջ մի հսկայական շենքի՝ նախագահի աշխատակազմի աշխատանքները», - հարցնում է իրավապաշտպանը:

Որոշումը բողոքարկելու համար 7-օրյա ժամկետ է սահմանվել։

«Կարծում եմ, որ այս պարագայում ևս կմերժվի, բայց մենք շարունակելու ենք պայքարել դատական կարգով, իսկ այնուհետև նաև դիմումները ներկայացնենք Եվրոպական դատարան», - ասում է Հայկուհի Հարությունյանը:

XS
SM
MD
LG