Մատչելիության հղումներ

Մայրերը պարզաբանում չստացան որդիների մահվան գործերը քննող հանձնաժողովի ստեղծման մասին


Մայրերը պարզաբանում չստացան որդիների մահվան գործերը քննող հանձնաժողովի ստեղծման մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերն այսօր նախագահական նստավայր չգնացին։ Նախագահի նամակի հետքերով մայրերը եկել էին Ազգային ժողով՝ փորձելու պարզել, թե երբ ի վերջո կձևավորվի որդիների մահվան գործերը քննող անկախ հանձնաժողովը։

Ամիսներ շարունակ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջող ծնողները անցած ամիս նամակ էին հղել նրան՝ խնդրելով ձևավորել որդիների մահվան գործերը քննող խորհրդարանական անկախ հանձնաժողով։

Օրեր առաջ նախագահի աշխատակազմից գրավոր հավաստիացում են ստացել, թե իրենց առաջարկի կապակցությամբ նախագահը դիմել է Ազգային ժողով։ Ազգային ժողովից էլ որդեկորույս ծնողներին պատասխանել է Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Սահակյանը խոստացել է միջոցներ ձեռնարկել հարցի քննարկման համար, ասում է զոհված զինծառայող Արայիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը.- «Առայժմ ոչ մի բան բավարարելու-չբավարարելու հարց չկա, ես անուղղելի լավատես եմ, ինձ թվում է դրական նոտա է»։

Հովհաննես Սահակյանի նամակում, սակայն, խոսք չկա հանձնաժողով ստեղծելու ժամկետների մասին։ Ծնողները որոշեցին զանգահարել պատգամավորին, սակայն ապարդյուն, նա տեղում չէր։

Հանրապետական պատգամավորն «Ազատությանը» փոխանցեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը այս պահին զբաղված է զավակներին կորցրած քաղաքացիների դիմումների քննարկմամբ։ Խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին Սահակյանը առայժմ ոչինչ չասաց։

«Նամակով պատասխանել ենք, շատ կարևորում ենք, փորձենք հասկանալ, թե ինչով կարող ենք օգտակար լինել»,- ասաց Սահակյանը։

Տարիներ շարունակ որդիների մահվան գործերը բացահայտելու համար պայքարի դուրս ելած ծնողները պնդում են, թե շարունակելու են պայքարել մինչև իրական մեղավորները պատժվեն։ Պահանջում են նաև պատժել մայիսին իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը նրանց լավատեսություն չի ներշնչում՝ ոստիկանների հետ առերեսում չի կազմակերպվել, դատաբժշկական փորձաքննությունները դեռ պատրաստ չեն։

«Տարիներ շարունակ մենք բողոքում ենք։ Ինչո՞ւ պետք է հայտնվենք փողոցում, որ քրեական գործերով իրավական գնահատական չստանանք, որ ոստիկանները մեզ քաշքշեն, ծեծեն... ինչի՞ համար»,- ասում էր սևազգեստ մայրերից Գոհար Սարգսյանը.- «Ես հայտարարում եմ՝ եթե ոստիկանապետը հրաման է տվել նման կերպ վարվել սպանված զինվորների ծնողների հետ, ուրեմն ես չեմ տեսնում ոստիկանության բարեփոխումները»։

«Առ այսօր ոչ մի նորություն չկա, ոչ կանչել են, ոչ դատաբժշկական փորձաքննությունն է պատրաստ, ոչ մի բան»,- հավելեց Իրինա Ղազարյանը.- «Սա խոսում է այն մասին, որ գործը ուզում են կոծկել»։

Որդեկորույս մայրերն այսօր որոշեցին ևս մեկ շաբաթ սպասել հանձնաժողով ձևավորելու ժամկետների մասին Հովհաննես Սահակյանի պարզաբանմանը։

XS
SM
MD
LG