Մատչելիության հղումներ

Որդեկորույս կանայք կարծում են, որ իրենց բռնության ենթարկելու փաստով գործը կոծկվելու է


Որդեկորույս կանայք կարծում են, որ իրենց բռնության ենթարկելու փաստով գործը կոծկվելու է
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ հարուցելուց երկու շաբաթ անց պաշտոնապես դեռ չի հաղորդվում, թե արդյոք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել կամ կան կասկածյալներ։\

«Ազատության» հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն արձագանքեց սոսկ, թե նախաքննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործի ընթացքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում նաև բռնության ենթարկված կանանց:

Նախագահական նստավայրի առջև բողոքի ցույցի մասնակից, ոստիկանների կողմից բռնության ենթարկված կանայք մինչև այժմ ո՛չ հարցաքննության են կանչվել, ո՛չ էլ առերեսվել ոստիկանների հետ։

«Ոչ մի բան: Ո՛չ կանչել են, ո՛չ հարցաքննություն․․․Նույն ծրագիրն է իրենցը՝ կձգձգեն ու վերջ, ոչ մի բան չեն անի», - «Ազատության» հետ զրույցում ասաց բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը՝ հավելելով, թե հաստատվում են իր կասկածները, որ իրավապահները գործը կոծկելու են։

Դեպքից հետո Իրինայի առողջական վիճակը վատացել է։ Կինը երեկ սրտի գանգատով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա զայրացած է․ ի՞նչ են արել իրավապահները անցած երկու շաբաթվա ընթացքում․ - «Ամեն փաստերն էլ ունեն: Եթե իրենք ուզենան, տասը րոպեում այդ գործը կբացահայտվի: Որովհետև բոլոր փաստերով նկարված է»:

Հարցին, թե իր կարծիքով, որն է գործը ձգձգելու պատճառը, Իրինա Ղազարյանն արձագանքեց դառնացած․ - «Լռում են, որովհետև իրենց ձեռ չի տալիս․․․ Իրենց սեփականությունն է դա: Մենք պետական ոչ մի բան չունենք: Քանի գոյություն ունի Սերժ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, Սեյրան Օհանյանը, քննչական բաժինը, մեր ժողովրդի վիճակն էլ էս պիտի լինի»:

Այն, որ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը քննող իրավապահները լռություն են պահպանում, իրավապաշտպան Վարդան Հարությունյանին չի զարմացնում․ - «Պետք է անպայման լուրջ նախաքննություն վարվեր, որովհետև տեղի է ունեցել, կարծում եմ, Հայաստանի պատմության մեջ ծանրագույն հանցագործություններից մեկը․ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ բռնություն և ուժ են կիրառել: Ես կարծում եմ, որ համապատասխան մարմինները երկրի քաղաքական իշխանության պահանջով պետք է շատ արագ հարուցեին քրեական գործ և արագ նախաքննեին: Բայց մեր իրականությունը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները կարողանում են շատ օպերատիվ լինել և քրեական գործեր հարուցել, երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիր գործիչներին, կամ անմեղ քաղաքացիներին, կամ, ասենք, խեղճ ու կրակ քաղաքացիներին»:

Իրավապաշտպանի դիտարկմամբ, եթե անգամ իրավապահները նմանատիպ դեպքերում քրեական գործ են հարուցում, դրանք ի վերջո ձգձգվում են, իսկ ոստիկանները, որպես կանոն, չեն պատժվում կամ առավելագույն դեպքում՝ կարգապահական տույժի են ենթարկվում․ - «Երկու շաբաթը նույնպես ժամանակ է, որի ընթացքում կարելի էր ինչ-որ բան անել: Իսկ ոչինչ չանել երկու շաբաթ անընդհատ, նշանակում է անել այն, ինչ որ անում են միշտ: Երբ որ պետք է եղել ոստիկանության նկատմամբ, ուժային կառույցների նկատմամբ ինչ-որ քայլերի դիմել՝ չկամորեն, չցանկանալով, դրա համար սկզբից ինչ-որ աղմուկ են անում, ինչ-որ գործընթացի իմիտացիա են ստեղծում, որը կամաց-կամաց պետք է կա՛մ մարի, կա՛մ պետք է ունենա ոչ այն ավարտը, որը կսպասեր հասարակությունը: Շատ տեսագրություններ են եղել մեր պատմության մեջ․ Մարտի 1-ի տեսագրություններն էլ կան, այլ հանցագործությունների տեսագրություններ կան: Այսինքն սա նորություն չէ մեզանում, և զարմանալու կարիք չկա»:

Որդեկորույս կանայք, սակայն, չեն պատրաստվում ընկրկել: Հայտարարեցին, որ շարունակելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել հենց նախագահականի առջև՝ արդարադատություն պահանջելով Հայաստանի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարից։

XS
SM
MD
LG