Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել


Սյունիքի մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում մայիսի 2-ի տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործով:

Այսօր Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Տիգրան Խաչատրյանին՝ միջնորդելով դատարանին որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված առաջին մասով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելը»: Միջադեպի հետևանքով Հարություն Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը:

Հայաստանի քննչական կոմիտեն, որի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում է քրեական գործը, այսօր տարածած հաղորդագրությունում նշում է․ - «Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ»:

Ըստ ի սկզբանե շրջանառվող վարկածի, մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդի խախտումը: Նա կանգնեցրել է մեքենան, ինչից հետո էլ ծագել է վեճն ու շարունակվել «Սդղի գյոլ» կոչվող հատվածում։

Զաքարյանների ծնողները բազմիցս լրատվամիջոցների հետ զրույցներում պնդել էին, որ որդիները դաժան ծեծի են ենթարկվել մահակներով, ոտքերով ու մետաղական գործիքներով։ Չնայած դրան՝ Տիգրան Խաչատրյանը երկուևկես ամսից ավելի գործով անցնում էր որպես վկա և ձերբակալվեց միայն այն բանից հետո, երբ բուժման նպատակով Մոսկվայում գտնվող Հարություն Զաքարյանն եկավ ու մոտ տասն օր առաջ ցուցմունք տվեց։ Տեղեկացանք, որ մարզպետի որդին ազատազրկվել է հենց այդ ցուցմունքների հիման վրա։

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում անհիմն որակեց առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ Տիգրան Խաչատրյանը «քավության նոխազ է»․ - «Մինչև հասել է [Տիգրան Խաչատրյանը] դեպքի վայր, արդեն տուժողը մարմնական վնասվածքը ստացած է եղել»:

Գործով այսօրվա դրությամբ կա յոթ մեղադյալ, որոնցից չորսը Սուրիկ Խաչատրյանի ազգականներն են՝ որդին, եղբայրը և երկու եղբորորդիները:

Տիգրան Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրյալ էր նաև Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով: Սակայն նա կալանավայրում մնաց ընդամենը երկու ամիս։ Նախաքննական մարմինը, կատարվածը որակելով անհրաժեշտ ինքնապաշտպանություն, գործը կարճեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այդ գործով Բուդաղյանների շահերը հայաստանյան դատարաններում և Եվրադատարանում ներկայացնող Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս նոր գործով էլ նա երկար չի մնա կալանավայրում․ - «Այդ գործը չեն կարողանալու օբյեկտիվ քննել: Ցավոք, հերթական անգամ ամբողջ նախաքննական մարմնի ու դատախազության մտավոր ջանքերը ուղղված են լինելու ոչ թե գործը բացահայտելուն, այլ՝ ո՞նց քողարկենք այս մարդկանց արած գործողությունները, ո՞նց շրջենք մյուս կողմի դեմ․․․ ինչպես որ Բուդաղյանների դեպքում եղավ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված էր, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուքի գործում նաև Սուրիկ Խաչատրյանը պետք է ներգրավվի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG