Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում մայիսի 2-ի ծեծկռտուքի հետևանքով մի աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանը վերադարձել է Մոսկվայից և նախօրեին հարցաքննվել է։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ցուցմունքի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում: Երիտասարդի մերձավորներն ակնկալում են, որ հարցաքննությունը կարող է հստակություն մտցնել նաև դեպքին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ։ Նա առայժմ այս գործով անցնում է որպես վկա։ Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ փոխանցեց, որ Հարություն Զաքարյանի ցուցմունքում նշված հանգամանքների ուղղությամբ կատարվում է քննություն։
Դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել մայիսի 2-ին։ Ի սկզբանե շրջանառվում էր այն վարկածը, որ Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները բռնության են ենթարկվել մարզպետի որդու և նրա ընկերների կողմից։ Մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդի խախտումը, կանգնեցրել է մեքենան, ինչից հետո էլ ծագել է վեճն ու շարունակվել «Սդղի գյոլ» կոչվող հատվածում։ Զաքարյանների ծնողները բազմիցս պնդել էին, որ որդիները դաժան ծեծի են ենթարկվել, մահակներով, ոտքերով ու մետաղական գործիքներով, ինչի հետևանքով Հարությունը աչքի շրջանում ստացել էր ծանր վնասվածք, տեղափոխվել Մալայան կենտրոն, բայց տեսողությունը վերականգնել չի հաջողվել։
Դեպքից երկու օր անց Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իր որդին որևէ կապ չունի միջադեպի հետ և այդ օրը եղել է Երևանում։
Այս գործով այժմ մեղադրվող 6 անձանցից 3-ը Սուրիկ Խաչատրյանի եղբայրն ու նրա եղբորորդիներն են։ Եղբորորդիներից մեկին՝ նախկինում բազմաթիվ սկանդալային պատմություններից հայտնի Էյներ Խաչատրյանին ծեծի մեղադրանք առաջադրվեց նախօրեին։
Քննչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն, նա այդ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին։ Էյներ Խաչատրյանը ձերբակալված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Բռնության ենթարկված եղբայրների հայրը՝ Գագիկ Զաքարյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ կկատարվի անաչառ քննություն։
«Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզաբանվի, էս պահին քննություն է գնում, ես չեմ էլ ուզում խառնվեմ էդ քննությանը»,- ասաց տուժողների հայրը՝ կրկին պնդելով, որ մարզպետի որդին մասնակցել է ծեծկռտուքին.- «Իհարկե, մասնակցել է, քննությունը պարզելու է՝ ինչ աստիճանի մեղավորություն ունի, դրա համար էլ պատասխանատվություն կկրի։ Մարզպետը շատ բան է ասում՝ Երևանում է եղել, ո՞նց է եղել, քննությունից չի երևո՞ւմ, որ Երևանում չի եղել։ Եթե վկայի կարգավիճակով է անցնում, ուրեմն ներկա է եղել։ Բացառվում է, որ նա Երևանում է եղել»։
Հարություն Զաքարյանը երկրորդ անգամ է հարցաքննվել, առաջին անգամ նրան հարցաքննել են դեպքից անմիջապես հետո, այնուհետև երիտասարդի հարցաքննությունը հետաձգվել է առողջական պատճառներով։ Հայրը փոխանցեց, որ որդուն պարբերաբար տանում է Մոսկվա՝ հույսով, որ գոնե աչքը կփրկվի.- «Տեսողություն չկա, աչքը հազիվ պահենք»։
Իրավապաշտպաններն արձանագրում են՝ մարզպետի մերձավորներին մեղադրանքներ են առաջադրվում, քանի որ կա ծանր մարմնական վնասվածք, բայց նրանց կարծիքով՝ Սուրիկ Խաչատրյանին կհաջողվի այս պատմությունն էլ փակել։
«Ընտրովի արդարադատություն, այսինքն՝ «իմ բարեկամներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր թշնամիների համար են»։ Այն, որ Սուրիկ Խաչատրյանի տղան պատիժ չի կրի, դրանում ես համոզված եմ։ Չի լինի պատիժ։ Ինչ վերաբերում է եղբոր տղային, քանի որ վնասվածքը շատ ծանր էր և անդառնալի՝ մարդը աչքն է կորցրել, այս դեպքում գուցե հնարավոր չէ կոծկել դա։ Կլինի պատիժ, բայց ձևական պատիժ կլինի»,- ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։