Գորիսի ծեծկռտուքի գործով տուժող ճանաչված Հարութ Զաքարյանին հինգշաբթի Մոսկվայում կվիրահատեն։
Ինչպես «Ազատությանը» տեղեկացրին Զաքարյանի հարազատները, բժիշկները փորձելու են պահպանել երիտասարդի աչքը։ Նրանց խոսքով՝ սա աչքը պահպանելու, ըստ էության, վերջին հնարավորությունն է։ Հիվանդանոցից այսօր դուրս է գրվել Հարութի եղբայրը՝ նույն գործով տուժող ճանաչված և ծեծի հետևանքով քթի կոտրվածք ստացած Մուշեղ Զաքարյանը։
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածում տեղի ունեցած խուլիգանության դեպքից 17 օր անց, ըստ նախաքննական մարմնի, դեռ գործով մեղադրյալներ չկան։
Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ԱԺ-ն պետք է հայտարարությամբ դատապարտի սեփական տան բակում տեղի ունեցած սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանին կրկին Սյունիքի մարզպետի պաշտոն տալն ու դատական իշխանության անգործությունը։ Պատգամավորը արդեն երկրորդ անգամ փորձում է շրջանառության մեջ դնել դեռ ինը ամիս առաջ հեղինակած հայտարարության նախագիծը։ Եթե ժամանակին դատապարտումը լիներ, կարծում է, գորիսյան վերջին դեպքերը տեղի չէին ունենա։
«Հասարակության յուրաքանչյուր անդամ թիրախ է այսպիսի արատավոր վարքագծի, որը դրսևորվում է պարբերաբար և չի ենթարկվում պատժի։ Այս անպատժելիության մթնոլորտը մեզ ահազանգում է, որ պետք է սրան արձագանքենք»,- ասաց Փոստանջյանը։
«Քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործություններին` հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը» Փոստանջյանը որակում է որպես «հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում»:
Դատապարտումը պետք է լինի ոչ միայն քրեաիրավական, այլ՝ քաղաքական, համոզված է ընդդիմադիր պատգամավորը.- «Պարոն Լիսկան պաշտոնավարելով փորձում է օգտագործել իր իշխանությունը, գործադրում է ճնշում թե իրավապահ մարմինների, թե դատարանի նկատմամբ, և այս ճնշման հետևանքով փաստորեն Բուդաղյանների գործից անհետացել են կարևոր ապացույցներ, որոնք մատնանշում էին, թե ինչ է տեղի ունեցել և ինչի հետևանքով է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարել»։
Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարության նախագիծը չի դնում շրջանառության մեջ՝ Փոստանջյանի ձևակերպումները համարելով «էթիկայի նորմերից դուրս»: Պաշտոնական դիրքի չարաշահում որակելով՝ Փոստանջյանը մինչև Վարչական դատարան է հասցրել Գալուստ Սահակյանի մերժումը, հաջողության չի հասել։ Այսօր ԱԺ-ի նախագահը, Վարչական դատարանին վկայակոչելով, ասաց՝ իր գործողությունները օրենքին չեն հակասում։
«Պատգամավորին թվում է, որ որևէ պատգամավոր կարող է մեկին կլասիկ ձևով հայհոյել, և մենք դա դնենք շրջանառության մեջ»,- ասաց Սահակյանը։
Փոստանջյանը պնդեց.- «Եթե կան խնդիրներ հայտարարության առնչությամբ, դրանք պետք է քննարկման առարկա դառնան հանձնաժողովի նիստում, եթե կան հարցեր կապված բառի, բառակապակցության կամ նախադասության հետ, կարող ենք փոխել կամ չհամաձայնել»։
ԱԺ-ի նախագահն ասաց՝ հեռախոսազրույց է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ, մարզպետը կարծում է իրեն, որ վարկաբեկում են։ Դատաիրավական համակարգ կա, գործում է այնքանով, ինչքանով գործում է, ասաց օրենսդիր մարմինի ղեկավարը։
Գորիսյան դեպքերի մեղավորը, կարծում է Սահակյանը, պետք է պատժվի, երիտասարդը կարող է կորցնել աչքը։
«Էդ իմաստով պիտի մարդ պատժվի։ Եթե այդ պատիժը կվերաբերի Սուրիկ Խաչատրյանի որդուն, ուրեմն Սուրիկ Խաչատրյանի որդին կպատժվի»,- ասաց ԱԺ նախագահը։
Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների պատիվը պահող, ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ երեկ վիճաբանած գեներալ Սեյրան Սարոյանը չի արժանանա Գալուստ Սահակյանի նկատողությանը.- «Սա հիմնարկ չէ, որ ԱԺ նախագահը նկատողություն անի։ Իհարկե, ազդեցություն ունեմ, բայց Սարոյանին պիտի մի քիչ առանձնացնենք»,- ասաց նա։