Երկու ամիս առաջ Գորիսում Սյունիքի մարզպետի որդու ու մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը վիրահատությունից հետո վերադարձել է Հայաստան։ Տուժածի հայրը՝ Գագիկ Զաքարյանը պատմեց, որ բժիշկներին չի հաջողվել վերականգնել տեսողությունը, սակայն կարողացել են փրկել աչքը։
«Արդեն հարմարվել ենք էն մտքին, որ պիտի պրոթեզավորվի։ Բայց ասացին, որ գոյություն ունի մի մարդ, որը կարող է էդ վիրահատությունը անի, պիտի որ աչքը պահպանվի։ Էդ ընթացքում ահագին բուժումներ ենք ստացել մյուս աչքի հետ կապված, որովհետև էդ բորբոքումները անցել էին մյուս աչքին»,- ասաց հայրը։
Օգոստոսին Հարություն Զաքարյանը կվերադառնա Մոսկվա՝ արդեն չորրորդ անգամ վիրահատվելու նպատակով: Զաքարյանների ընտանիքը բուժման համար արդեն տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել, թե կոնկրետ որքան՝ չեն նշում։ Հայրն ասում է՝ այս պահին ամենակարևորն իր համար որդու առողջությունն է։
Մինչ Հարություն Զաքարյանը փորձում է վերականգնել առողջությունը, «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով քննությունը շարունակվում է։
Այժմ մեղադրանք է առաջադրված 5 անձանց, այդ թվում՝ Սյունիքի մարզպետի եղբայր Սեյրան Խաչատրյանին և մյուս եղբոր որդուն՝ Մայիս Խաչատրյանին, ում պարագայում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սակայն մարզպետի այս՝ քրեական անցյալով հայտնի զարմիկը մինչ օրս հետախուզման մեջ է։ Ի զարմանս Զաքարյանների, դեռևս վկայի կարգավիճակում է մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով, տուժած կողմի պնդմամբ, ծեծկռտուքը հրահրողն ու անմիջական մասնակիցն է եղել։
«Ինքը ղեկավարել է, ինքը կանչել է, թե վերևից ով է ղեկավարել, էդ էլ կպարզաբանվի։ Տիգրան Խաչատրյանը իրա ավտոյով խփել է տղայիս ավտոյի կողային հայելուն, քշել, գնացել։ Տղաս էլ հետևից գնացել, ասել է՝ էս խփում, գնում ես, խի՞ չես կանգնում, ասել է՝ ես կակ ռազ քեզ էի սպասում, արի պանսիոնատի տարածք, ես ու դու կխոսանք։ Տղաս էլ իրա ախպոր հետ գնացել է ընդեղ, ո՞վ ա մտածել, որ կարող է հարյուր մարդ հավաքված լինի»,- պատմեց Գագիկ Զաքարյանը։
Մարզպետի ընտանիքի թշնամանքն իր որդիների հանդեպ հավանաբար հին պատմություն է, ասում է Գագիկ Զաքարյանը՝ փորձելով գուշակել պատճառը.- «Գիտի, որ չենք ենթարկվում իրանց։ Սյունիքում նենց մթնոլորտ է, որ Հայաստան աշխարհը անգիր գիտի»։
Այդուամենայնիվ, Գագիկ Զաքարյանը հույս հայտնեց, որ առաջիկայում մեղադրանք կառաջադրվի Գորիսի ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին։ «Ընտանիքով պայքարելու ենք արդարության համար», - ասաց նա։
Մինչդեռ իրավապաշտպանները չեն կիսում Գագիկ Զաքարյանի այս վստահությունը։ Սյունիքի քրեական քրոնիկային հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորներն իրենց արարքների, անգամ սպանությունների համար անպատիժ են մնում արդեն տարիներ շարունակ։
«Սերժ Սարգսյանը այս աղմուկ-աղաղակի մեջ երբևիցե կարծիք չի հայտնել այդ կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նա հովանավորում է Սուրիկ Խաչատրյանին։ Հիմա այս քննությունը, որ ընթանում է, գուցե այդ մանկլավիկներից, թափթփուկներից, Սուրիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից 1-2 հոգու համար ինչ-որ պատժի ձև կգտնեն՝ մի ամիս, երկու ամիս, և դրանով ամեն ինչ կավարտվի, մինչև նոր հանցագործություն լինի»,- ասաց նա։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ մայիսի վերջին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են Կապանի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը:
Չորս ձերբակալվածներից մեկը՝ Արա Բուդաղյանը 2013-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է։