Արդարադատության նախարարն անմեղության կանխավարկածի խախտում չի տեսնում Քննչական կոմիտեի հաղորդագրությունում, որի համաձայն Սեֆիլյանի և աջակիցների ձերբակալությամբ կանխվել է ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների կազմակերպումը։
«Կոնկրետ ձևակերպման մեջ ես չեմ տեսնում խախտման դեպք», - ասաց Հովհաննես Մանուկյանը:
Երեկվանից մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ահազանգում են, որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ձերբակալությունները «քաղաքական հետապնդում են, խոսքի, հավաքների, միավորումներ ստեղծելու ազատությունների խախտում»:
Արդարադատության նախարարը արձագանքին ծանոթ էր մամուլի հրապարակումներից․ - «Բայց քանի որ հետաքննության փուլ է, ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելու այս գործերի հետ կապված»:
«Ազատության» հետ զրույցում մի շարք իրավապաշտպաններ կրկին պնդեցին, թե Հիմնադիր խորհրդարանի ծրագրած անկարգությունների մասին վկայող փաստեր ու հիմքեր չկան: Ավելին, նրանք համաձայնել էին քաղաքապետարանի առաջակին՝ ապրիլքսանչորսյան հանահավաքը իրականցնել Էրեբունի համայնքում։
«Ձերբակալվածներից ես չեմ լսել բռնության կոչեր», - ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ - «Նրանք շատ խիստ քննադատել են Հայաստանի իշխանություններին, բայց նրանց ամենամեծ կոչը եղել է, որ պետք է նրանք կազմակերպեն քաղաքացիական անհնազանդություն: Իսկ քաղաքացիական անհնազանդությունը, ես կուզենայի մեր իրավապահ մարմիններին ասել, եթե նրանք տեղյակ չեն դրանից, ենթադրում է իշխանությունների դեմ առանց ուժի, խաղաղ պայքար․․․ Բացարձակապես տարբեր բևեռներ են զանգվածային անկարգությունները և քաղաքացիական անհնազանդությունը»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ձերբակալությունները չի կապում ապրիլի 24-ին նախատեսված հանրահավաքի հետ։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները այսպես թե այնպես հետապնդում են ընդդիմադիրներին․ - «Ակնհայտ ապօրինի հետապնդումը քաղաքական ոչ թե 24-ի հետ է պայմանավորված: Ընդհանրապես պայմանավորված է Ժիրայր Սեֆիլյանենց այն գործողությունների հետ, որոնք ուղղված են իշխանության հեռացմանը: Եվ երկրորդը, որ դա այն եզակի շարժումներից մեկն է, որ քաղաքական բնույթով հանդերձ, չի ղեկավարվում Բաղրամյան 26-ի կողմից, անկանխատեսելի է իր գործողություններով․․․ Եվ միակ արգումենտը, որով կարող են խոսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, դա բռնությունն էր, ապօրինությունը, որը և իրականացրեցին»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույնպես ճաղերի հետևում հայտնված գործիչներին քաղաքական բանտարկյալներ է համարում: Վստահ է, որ դատարանում չի ապացուցվելու, թե Հիմանդիր խորհրդարանի առաջնորդները հանցագործություն էին ծրագրում․ - «Հայաստանի Հանրապետությունում 2008-ից առաջ, 2003, 2004 թվականներին նույնպես քաղաքական ընդդիմադիր գործիչներին ձերբակալել են, կալանավորել են: Սակայն Հայաստանի Հանրապետության դատարաններում այդպես էլ հնարավոր չի եղել ապացուցել որևէ քաղաքական գործչի նկատմամբ, որ նա բռնությամբ իշխանությունը տապալելու գործողություններ է ծրագրել կամ իրականացրել»:
Ավետիք Իշխանյանն ընդդիմադիր գործիչներին անվանում է խղճի բանտարկյալներ․ - «Որովհետև նրանք որևէ գործողություն չեն արել, նրանք չեն հրահրել զանգվածային անկարգություններ, այլ միայն նպատակ են ունեցել քաղաքացիական անհնազանդություն»: