Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ը բողոքի ցույց անցկացրեց ձերբակալված անձանց պահման վայրի մոտ


«Հիմնադիր խորհրդարան»-ը բողոքի ցույց անցկացրեց ձերբակալված անձանց պահման վայրի մոտ
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Պահանջը «Հիմնադիր խորհրդարան»-ի 6 անդամների ազատ արձակումն էր։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն այսօր Էրեբունիում՝ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի մոտ, ցույցով պահանջեցին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և մյուս ձերբակալվածներին։

Պնդելով, թե նրանք քաղբանտարկյալներ են՝ ցույցի մասնակցիներն ասացին, որ ապրիլի 24-ի ցույցը չի հետաձգվել, այդ օրը փողոց են դուրս գալու՝ հանուն իշխանափոխության։

«Մենք կարողացանք հաղթահարել այս շոկային վիճակը, որովհետև ինչքան էլ շոկային էր, բայց մեզ համար կանխատեսելի էր», - հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանը։

Քիչ անց ցուցարաներին միացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա օգտվելով պատգամավորական մանդատից՝ ներս մտավ և զրուցեց ձերբակալվածների հետ։ «Իրենց տրամադրությունը չի փոխվել. մարտական են տրամադրված, շարունակելու են պայքարը։ Ուղղակի հորդորում են՝ ժողովուրդը դրսևորի միասնություն, միասնության ներքո, հավաքական ուժի ներքո ազատվենք այս ապօրինի իշխանություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանի կարծիքով և՛ս Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ձերբակալել են քաղաքական հայացքների համար, քանի որ նրանց ճաղերի հետևում պահելու իրավական հիմքեր չկան։

72 ժամվա ընթացքում, որը լրանում է երկու օր անց, ձերբակալվածներին պետք է մեղադրանք առաջադրվի։

Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի,Պավել Մանուկյանի և Գարեգին Չուգասզյանի պաշտպան Հայկ Գրիգորյանն ասաց, որ ուսումնասիրել է ձերբակալության հիմքերը, վստահ է, որ նրանց մեղադրանք չի կարող առաջադրվել, քանի որ խուզարկությունների արդյունքում անգա՛մ կասկածելի ոչինչ չի գտնվել։

«Այս պահին ինչ-որ առգրավվել է և ինչ նյութեր ունի քննչական մարմինը, դրանք որևէ առնչություն, աղերս չունեն այդ հոդվածի բովանդակության հետ։ Այսինքն՝ հանրահավաք կազմակերպել, կամ ամսի 24-ին հայտարարել, որ մենք անելու ենք խաղաղ հանրահավաք, կամ քաղաքացիական անհնազանդություն, դա որևէ ձևով չի առնչվում զանգվածային անկարգություն հետ», - ասաց Գրիգորյանը։

Երեկ տեղի ունեցած ձերբակալություններից և խուզարկություններից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները ուշ երեկոյան ժողով են անցկացրել, ամփոփել են տեղի ունեցածը, նոր ղեկավար կազմ ընտրել։

«Ժիրայր Սեֆիլյանը միանգամից զբաղեցնում էր երկու պաշտոն, ասպես կարելի է ասել, «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության ղեկավարն էր նա և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարը։ Մենք այսօր ունենք երկու տարբեր ղեկավարներ՝ իր հենց ցուցումներով՝ «Ինչ պետք է լինի ինձանից հետո» կարգախոսով։ Մենք նախապես էինք որոշել, որովհետև գիտեինք՝ ինչ կարող է լինել։ Սա պահեստային տարբերակն է, կարող եմ ասել, որ քարտուղարությունը կղեկավարի Ալեք Ենիգոմշյանը, ինչպես որ նախօրոք որոշված էր, որպես իր տեղակալ, իսկ շարժման առաջնորդ խումբ, ես ուղղակի անուններ չեմ տա՝ էդ մարդկանց թիրախ չսարքելու համար, բայց թող ոչ ոք չկասկածի՝ կա խումբ, կան խմբեր, որոնք առաջնորդելու են ժողովրդին», - ասաց Հակոբյանը։

Երեկ ուշ երեկոյան հինգ ձերբակալվածներին ավելացավ ևս մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանը։ Նրա տանը խուզարկության ժամանակ փաթեթավորված նռնակ էր հայտնաբերվել, որից հետո Հակոբյանին տեղափոխել էին Երևան և մեղադրանք առաջադրել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։ Երեկ իրականացված բազմաթիվ խուզարկությունների արդյունքում սա հայտնաբերված միակ զինամթերքն է։

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարդան Հակոբյանի խոսքով՝ մեղադրանքը շինծու է, քանի որ նռնակը Հակոբյանների տան տանիքում չի եղել։ Արամ Հակոբյանի դուստրն էլ է վստահ, որ զինամթերքը իր հորը չի պատկանում։

«Վստահ եմ, որ չունի, դա կարծիք չէ։ Այդ տեղեկությունը օդից է։ Այս ամբողջ գործընթացը անօրինություն է»,- ասաց նա։

«Նռնակը առանց մատնահետքերի, շատ կոկիկ փաթեթավորված տեղադրել էին իբրև Գյումրու գրասենյակի առաջնորդի տան կտուրում, պարզվեց՝ դա իր կտուրը չէ, այլ հարևանի կտուրում են տեղադրել»,- ասաց Վարդան Հակոբյանը։

Այսօր առավոտյան վեց ձերբակալվածներին են հանդիպել ազատազրկման վայրերում դիտորդական առաքելություն անցկացնող խմբի անդամները։ Նրանք տեղեկացնում են, որ կասկածյալները զրկված են հարազատներին տեսակցելու և զանգելու հնարավորությունից։ Արգելված է նաև օգտվել ռադիոընդունիչից և տպագիր մամուլից, ինչի հիմքերը դիտորդական խմբի համար «անհասկանալի են»։

Նոր ձերբակալություններ և խուզարկություններ օրվա ընթացքում չեն եղել, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ կասկածյալներին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները բողոքի ցույցերը շարունակելու են։ Երկու օրից, երբ լրանա մեղադրանք առաջադրելու ժամկետը, նրանք կրկին կհավաքվեն Քննչական կոմիտեի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG