Հայ հեղափոխական դաշնակցությունը, դրական գնահատելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, միաժամանակ 28 առաջարկ է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին։
Դաշնակցությունը նախ և առաջ անհրաժեշտ է համարում միանշանակ անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելի և չի ընդունում ներկայում հնչող տեսակետները, թե հնարավոր է նաև կատարելագործվի գործող կիսանախագահական համակարգը։
«Մենք ոչ միայն միանշանակ պնդում ենք և համարում ենք, որ եթե այդ անցումը չի կատարվում, անիմաստ է դառնում սահմանադրական փոփոխությունը իր էության մեջ։ Մտահոգության որոշակի տեղիք տալիս են նախագահի վերջին արտահայտած մտքերը։ Ընդունելով հանդերձ նախագահի մոտեցումները՝ կապված երկու կարևոր հարցերի հետ՝ ներքին և արտաքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է դրանք լուծել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
Դաշնակցության համար քննարկման ենթակա չէ նաև ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու հարցը։
«Այլ հարց է, որ կարող ենք քննարկել փուլայնությունը՝ մինչև ե՞րբ կարող է ամբողջությամբ անցում կատարվել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Երրորդ խոշոր ուղղությունը քաղաքական իշխանության և ընդդիմության՝ իբրև միասնական համակարգի ձևակերպումն է։ Այլ կերպ ասած, քաղաքական ընդդիմությունը պետք է ունենա պատշաճ վերահսկողություն և քաղաքական գործընթացների վրա ազդելու իրական և էական հնարավորություններ, որպեսզի իշխանափոխության՝ Սահմանադրությամբ ամրագրված նորմերը լինեն իրական, այլ ոչ թե վերացական կամ երազանքային»,- մանրամասնեց Մինասյանը։
Ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի, որոնք պնդում են, թե այս փոփոխությունները միայն նպատակ ունեն նպաստելու գործող վարչակազմի վերարտադրությանը, Դաշնակցությունը հայտարարում է՝ նոր փոփոխություններով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ընտրակեղծիքները։
«Բնական չեմ համարում այն դեպքերը, երբ ամեն գնով փորձում են նորից իշխանության գալ՝ ոտնահարելով սահմանադրական նորմերը։ Իսկ այսօրվա Սահմանադրությունը և ընտրական համակարգը թույլ տալիս են, որպեսզի իրենք նույն մեխանիզմները կիրառեն։ Այստեղ մենք պետք է երկխոսենք իրար հետ մեխանիզմների մասին։ Եվ սա էր մեր կոչը՝ ուղղված մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին, որ համախմբվենք հենց այս մեխանիզմները մշակելու շուրջ, ոչ թե կտրուկ մերժենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը»,- ընդգծեց Դաշնակցության ներկայացուցիչը։
Ազգային ժողովի լիազորություններն ընդլայնելու համար Դաշնակցությունն առաջարկում է օրենսդիրի վերահսկողության հանձնել պաշտպանության, արտաքին գործերի, ոստիկանության ու ազգային անվտանգության ոլոտները։ Մեկ այլ առաջարկով նախատեսվում է նաև սփյուռքի մասնակցությունը նախագահական ընտրություններին՝ ընտրիչների կոլեգիայի միջոցով։
Ինչ վերաբերում է ընտրական այլ գործընթացներին, ապա առաջարկվում է հստակեցնել Հայաստանից բացակայող քաղաքացիների՝ ընտրելու իրավունքի իրացման հարցը, ինչպես նաև փարատել կասկածները ընտրողների մասնակցության վերաբերյալ՝ նաև ցուցակների հրապարակմամբ։
Դաշնակցությունն առաջարկում է հստակ սահմանել նախագահին պաշտոնանկ անելու, ինչպես նաև նրա լիազորությունները դադարեցնելու բոլոր հնարավոր դեպքերն ու գործընթացները։ Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասով առաջարկվում է, օրինակ, արգելել բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց պաշտոնավարման ընթացքում արտերկրում խոշոր ներդրումներ կատարել, խախտումների դեպքում՝ դադարեցնել պաշտոնատար անձանց լիազորություններն ու պատասխանատվության ենթարկել։
Դաշնակցության առաջարկներում տեղ են գտել նաև կուսակցությունների դերի մեծացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից հանրաքվեներ անցկացնելու հնարավորությանը վերաբերող հարցեր։
Եթե ՀՅԴ-ի առաջարկները չներառվեն վերջնական փաստաթղթում, կուսակցությունը կարող է մերժել սահմանադրական փոփոխությունները.- «Եթե մեր առաջարկները չեն ընդունվում, կառավարման ձևի փոփոխություն տեղի չի ունենում, մեր հիմնարար մոտեցումները չեն արժանանում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ուշադրությանը և վերջնական տեքստում չեն ներառվում, այդպիսի փոփոխությունը կհամարենք անիմաստ, անտրամաբանական և երկար կյանք չունեցող»,- նշեց Արծվիկ Մինասյանը։