Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը կարող են հայեցակարգի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել


Քաղաքական ուժերը կարող են հայեցակարգի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ մինչև մայիսի 5-ը ժամանակ է տրված քաղաքական ուժերին՝ սահմանադրական հայեցակարգի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նկատառումները ներկայացնելու համար։

Ըստ Գագիկ Հարությունյանի, հանձնաժողովին առաջինն իր մոտեցումներն է ներկայացրել Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Այլ մանրամասներ Հարությունյանը չհաղորդեց, բայց և ըստ էության չբացառեց, որ կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում երկու նախագիծ կարող է մշակվել։

«Հնարավոր է նաև այդպիսի տարբերակ։ Այսինքն չի բացառվում, որ եթե քննարկումները միարժեք չեն հանգեցնի այնպիսի հետևության, որ երկու հարցերի վերաբերյալ գտնվել են արդյունավետ լուծումներ, այդ դեպքում հնարավոր է այդպիսի տարբերակ, բայց դրա վերաբերյալ որոշումը կլինի այն փուլում, երբ կկատարվեն այդ բոլոր քննարկումները»,- ասաց Հարությունյանը։

Այս փուլում հանձնաժողովն աշխատում է բոլոր այն լուծումների ուղղությամբ, որոնք ըստ էության կառավարման համակարգի հետ քիչ են կապված, ասում է Գագիկ Հարությունյանը.- «Բայց միաժամանակ մենք աշխատելու ենք ամբողջականացնել պառլամենտական կառավարման համակարգը, ներկայացնել հնարավոր լուծումները և հնարավոր բաց տեղերը, որոնք այդ քննարկումների արդյունքում կամ կմնան վիճելի կամ ողջ ամբողջական։ Այդ դեպքում նաև քաղաքական համապատասխան որոշում կկայացվի»։

Պատասխանելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում իշխանությունների հնարավոր վերարտադրման մասին հարցին, հանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց այն ուղղել իշխանություններին կամ նրանց ընդդիմախոսներին։

«Ցանկացած քաղաքական կուսակցություն այդ լուծումների շրջանակում հնարավորություն կունենա ինքնադրսևորվելու։ Ինչ չափով, ինձ ձևով, դա կասի արդեն ժողովուրդը, բայց մի բան բոլորը պետք է հստակ իմանան՝ հայեցակարգը և դրա հիման վրա նախագիծը մշակվելու է այնպես, որ հայեցողության սահմանները խիստ հստակեցվեն, իշխանությունների հանրային-իրավական պատասխանատվությունը որոշակիացվի, ընտրական համակարգերը լինեն այնպիսին, որ գոնե այսօրվա աղաղակող բացերը, թերությունները չլինեն»,- ասաց ՍԴ նախագահը։

Նոր հայեցակարգով նախատեսվում է նաև որոշ վերահսկողական գործառույթներ վերապահել ընդդիմությանը։ Գագիկ Հարությունյանից փորձեցինք ճշտել, մասնավորապես, ընդդիմադիր ո՞ր քաղաքական ուժերը կարող են հավակնել վերահսկողական լծակների։

«Խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է։ Եվ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է դիտվի որպես պետության կամ համակարգի համար խորթ երևույթ, ընդդիմությունը նույնքան անհրաժեշտ է պետական համակարգի հավասարակշիռ զարգացումը երաշխավորելու համար, և պետք է ունենա անհրաժեշտ և բավարար լիազորություններ և օրենսդրական քաղաքականության բնագավառում, և վերահսկողական, և պետության ու հանրության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ դրանք բարձրացնելու, քննարկման առարկա դարձնելու և լուծումներ առաջադրելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը։

Այսօր պաշտոնապես ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը երկու օր առաջ հավանության էր արժանացրել նախագահ Սերժ Սարգսյանը։ Ակնկալվում է, որ առաջիկա տասն ամսվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովը նախագահին է ներկայացնելու իր մշակած սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

XS
SM
MD
LG