Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին չի հանձնարարել պարտադիր մշակել փոփոխությունների երկու տարբերակ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ բարեփոխումների երկրորդ տարբերակը կարող է ծնվել միայն վիճելի հարցերի շուրջ քաղաքական ուժերի հետ անհամաձայնության դեպքում։
Միևնույն ժամանակ իշխող խմբակցության ղեկավարը ընդգծեց՝ տարբերակների ընտրության հարցում որոշիչ է լինելու Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության՝ Հանրապետականի կարծիքը։
«Եթե լայն քաղաքական կոնսոլիդացիա տեղի չունենա, և ինչ-որ պնդումներ լինեն այլ մոդելների վրա, հնարավոր է որ լինի երկու տարբերակ, և այդ տարբերակներից մեկը որոշի Ազգային ժողովն՝ իր քվեարկություններով», - ասաց Բաղդասարյանը։
Ըստ Հանրապետական խմբակցության ղեկավարի, վերջնական եզրահանգումներ անելու համար դեռ վաղ է, քանի որ նախագահի հետ հանդիպած կուսակցություններից որևէ մեկը կառավարման մոդելի փոփոխության հարցում կտրականապես դեմ չի արտահայտվել, ինչն էլ, Բաղդասարյանի խոսքով, հիմք է տալիս հանրապետականներին ենթադրելու, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանի քաղաքական հավանությանն արժանացած հայեցակարգը կընդունվի նաև ընդդիմադիր ուժերի կողմից։
«Ինձ թվում է, որ պետք չէ բացառել, որ կլինի լայն քաղաքական կոնսոլիդացիա, և, ամենայն հավանականությամբ, մեկ տարբերակով կգնանք։ Ինձ թվում է՝ բոլորը խելացի և ըմբռնումով պետք է մոտենան, ճիշտ մոտեցումը սա է», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։
«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը մինչդեռ այլ բան է ասում։ Պատգամավորի խոսքով՝ կառավարման մոդելի փոփոխության հարցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ-ը որևէ դիրքորոշում չի հայտնել, դրա մասին ընդհանրապես խոսք չի գնացել։
«Մենք միայն ասել ենք, որ քննարկումներին կմասնակցենք։ Չեղած նախագծի մասին կարծիք հայտնելը անհեթեթություն կլինի»,- փոխանցեց Բիշարյանը։
Ռուբիկ Հակոբյանի հետ նախագահական գնացած «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը նույնպես վստահեցնում է՝ հայեցակարգով առաջարկվող խորհրդարանական մոդելի վերաբերյալիրենք կարծիք չեն հայտնել։ Ավելին, Մարտիրոսյանն ընդգծում է՝ թեև «Ժառանգությունը» իր ծրագրային դրույթներում կողմնակից է եղել կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն այս պահին իրենք միանշանակ դեմ են Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին։
«Կառավարման համակարգի այս կամ այն մոդելի շուրջ մեր կողմից դրական կամ բացասական գնահատական չի եղել։ Քանի դեռ իշխանությունը մեր կողմից առաջարկված հինգ կետերը չի ընդունել, մենք «դեմի» ֆորմատի մեջ ենք»,- ասաց Մարտիրոսյանը։
Սերժ Սարգսյանի հետ հանդիպած, բայց նախկինում խորհրդարանական կառավարմանը դեմ արտահայտված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռ անցած շաբաթ էր «Ազատության» հետ զրույցում նշել, որ իրենք չեն փոխել իրենց դիրքորոշումը, և ըստ էության, շարունակում են դեմ լինել կիսանախագահական մոդելի վերացմանը։
Սերժ Սարգսյանի հետ քննարկմանը մասնակցել էր նաև «Հայոց համազգային շարժումը»։ Ըստ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի՝ իրենք խորհրդարանական համակարգի կողմնակից են, ավելին՝ քննարկման արդյունքում պարզել են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ոչ նախագահ և ոչ էլ վարչապետ ընտրվել, ու անկախ սահմանադրական բարեփոխումների ընթացքից կպաշտոնավարի մինչև 2018 թվականը։
«Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ԱԺ պատգամավոր, ուստի և չի կարող ընտրվել ԱԺ նախագահ»,- ասաց Զուրաբյանը։
Ընդդիմադիր «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի համար, սակայն, ամեն այնքան էլ պարզ չէ։ Հիշեցնելով ոչ վաղ անցյալը՝ Մարտիրոսյանը գծում է Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերարտադրմանհնարավոր տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններից հետո։
«Հովիկ Աբրահամյանը, ընտրվելով մեծամասնականով, դարձավ ԱԺ նախագահ 2008 թվականին, և Սերժ Սարգսյանն էլ 2012-ին Հանրապետական կուսակցության ցուցակն էր գլխավորում։ Ցանկացած պարագայում ինքը կարող է ցուցակում որևէ միջին հորիզոնական գրավել, և իր ժամկետը ավարտելուց հետ մի քանի պատգամավոր դուրս գան, և ինքը մտնի ԱԺ ու ընտրվի խորհրդարանի նախագահ»,- ասաց Մարտիրոսյանը։