Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը չմասնակցած Հայ ազգային կոնգրեսն ամեն գնով փորձելու է տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, իսկ հանրաքվեի անկացման դեպքում էլ այն վերածել նախագահին անվստահություն հայտնելու քվեարկության, որտեղ սահմանադրական բարեփոխումներին ոչ ասող քաղաքացիները, ոչ կասեն Սերժ Սարգսյանի իշխանությանը, այս մասին որոշումը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, կայացվել է կուսակցության վարչության վերջին նիստի ընթացքում։
«Մեր խնդիրը լինելու է բացատրել ամբողջ ժողովրդին, որ «այո»-ն նշանակում է բռնապետության հաստատում, Սերժ Սարգսյանի անձնական իշխանության երկարաձգում, «ոչ»-ը նշանակում է՝ ո՛չ Սերժ սարգսյանին, ո՛չ բռնապետությանը, և նշանակում է ժողովրդի հաղթանակ», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Զուրաբյանի խոսքով, Սերժ Սարգյանը մեկ նպատակ է հետապնդում՝ վերարտադրվել ու պահպանել մենիշխանությունը, իսկ գործող Սահմանադրությունը 2018 թվականին նրան վերընտրվելու հնարավությունը չի ընձեռում։
Կառավարման մոդելի փոփոխության հարցում նախագահի հայտնած մտահոգությունները, Զուրաբյանի խոսքով արկածախնդրություն են։ «Սա արկածախնդրություն է, որովհետև երկրի նախագահը, որն ինքը հրապարակավ կասկածում է առաջարկվող մոդելի արդյունավետության վրա, բայց նման առաջարկ անում է այնուամենայնիվ, նշանակում է նա արկածախնդիր է», - ասաց Զուրաբյանը։
Հայեցակարգի հարցում քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումները չեն վկայում, որ այս հարցում քաղաքական կոնսոլիդացի կա, ասում է Զուրաբյանը՝ ընդգծելով՝ ինչ փաստաթութղ էլ որ ծնվի այդ կոնսոլիդացիայի արդյունքում, լինելու է ոչ լեգիտիմ։
«Կոնսոլիդացիան բլեֆ է։ Խոսել կոնսոլիդացիայի մասին մի առանցքային քաղաքական ուժ ջախջախելուց հետո, դա ուղղակի ոչ թե զավեշտալի, այլ ողբերգական է, սա ի սկզբանե մտրակով ապահովված կոնսոլիդացիա է», - ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ-ում չեն բացառում, որ սահմանադրական բարեփոխումների տապալման հարցում կարող են համագործակցել այլ քաղաքական ուժերի կամ անհատների հետ, բայց առայժմ չգիտեն՝ ում հետ։ Նախկին գործընկերները, Զուրաբյանի կարծիքով, կորցրել են հզորությունը։ «Բայց եթե ԲՀԿ-ն սկզբունքորեն մնա նույն դիրքորոշմանը, ինչ որ եղել է երկու ամիս առաջվա ԲՀԿ-ն, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ կհամագործակցենք միասին, եթե «Ժառանգություն»-ը պահպանի նույնքան վճռական մերժումը, նորից, ես չեմ բացառում, որ մենք եռյակի ֆորմատով էլ համագործակցենք», - ասաց Զուրաբյանը։
Սահմանադրական բարեփոխումներին դեմ է նաև ընդիմադիր «Ժառանգություն»-ը։ Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ԱՄՆ-ից ուղարկված կարճ հաղորդագրության մեջ նշել է. - «Խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ: Երևան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»։
Մինչ կուսակցության առաջնորդի երևանյան հայտարարությանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր և կուսակցության անունից վստահորեն պնդում է՝ ժառանգականները Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին այլևս չեն մասնակցելու։
«Չի կարելի Սերժ Սարգսյանի հետ բանակցել ինչ-որ մի հարցի շուրջ։ Սերժ Սարգսյանին մենք չենք Ճանաչում», - հայտարարեց Փոստանջյանը։
Սահմանադրական բարեփոխումների ձախողման իրենց տեսլականում «Ժառանգություն»-ը այլ ուժերի հետ համագործակցություն առայժմ չի նախատեսում։ Ըստ Փոստանջյանի, Գագիկ Ծառուկյանի ետքայլը ցույց տվեց որ, նախևառաջ պետք է համախմբել ժողովրդին, այլ ոչ թե արմատական փոփոխությունների մասին հանդես եկող ուժերին կամ նրանց առաջնորդներին։
«Մեկ տարվա այդ բոլոր ջանքերը, «Ժառանգության» և պարոն Հովհաննիսյանի կողմից ներդրված, ապարդյուն էին, որովհետև մեկ օրվա մեջ կարող է ամեն ինչ փոխվել, նույնիսկ այն հայտարարությունները՝ ռադիկալ, կարող են փոխվել և դառնալ ուղղկի զրո», - ասաց Փոստանջյանը։
Ժողովովրդին մոբիլիզացնելու համար «Ժառանգություն»-ը մտադիր է վերսկսել մարզային այցելությունները, առաջիկա ուրբաթ էլ հանրահավաք կանցկացնի Երևանում։