Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ Եռյակն այլևս գոյություն չունի


Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում: 20-ը փետրվարի 2015 թ․
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում: 20-ը փետրվարի 2015 թ․

«Եռյակը գոյություն չունի», - Ազատության հրապարակում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի խորհդարանական գործընկեր «Ժառանգություն»-ը:

Չնայած Գագիկ Ծառուկյանը չեղյալ էր հայտարարել այսօրվա հանրահավաքը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամանայնիվ, Ազատության հրապարակում էր: Հավաքված հարյուրավոր մարդկանց փոխանեցեց՝ իրենք այս խաղն այլևս չեն խաղում․ - «Եթե այսօր, այս պահին, այս փաթիլների ներքո մենք միասին լինեինք հարյուր հազարով, կլիներ նոր Հայաստան: Բայց ինչ-որ մեկը չուզեցավ: «Ժառանգություն»-ը չէ, որ դուրս է եկել եռյակից: Ցավում ենք, որ մեր գործընկերները ներկա դրությամբ իրենք են որոշել իրենց քայլերով դուրս գալ եռյակից»:

Միաժամանակ, սակայն, «Ժառանգություն»-ը չի փակում համագործակցության դռները՝ այդ թվում և հանրահավաքից հրաժարաված «Բարգավաճ Հայաստան»-ի առջև․ - «Բոլոր ուժերի հետ, ովքեր պահանջում են նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ հարգելի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով»:

Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը այլևս չի շփվել «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ: «Ժառանգություն»-ը քաղաքական լեգիտիմությունից՝ իրավակարգությունից դուրս է բնորոշում հաշտեցումը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը բացատրեց՝ ժողովրդի թիկունքում, փակ դռների հետևում են խոսել, որոշել․ - «Երևի նստել խոսել են, թե պետք է մենք իրար չվիրավորենք, մենք լավ ընկերներ ենք եղել: Գողական սխոդկայի շրջանակում պետության հարց են լուծել: Հնարավոր է, իհարկե, որ նաև վախեցրած լինեն: Մարդկային է, հասկանում եմ: Ցանկացած մարդ կունենա մտահոգություն, որ կարող է տնով-տեղով, ազգությամբ վերացնեն, եթե քաղաքականությամբ զբաղվեր»:

Արմեն Մարտիրոսյանը չթաքցրեց՝ Սարգսյան-Ծառուկյան խորհրդավոր բանակցություններից հետո «Բարգավաճ Հայաստան»-ից որևէ լուր չունեն․ - «Մենք հնարավորություն այս պահին կորցրեցինք, իրական հնարավորություն: Ինչ պատճառներով՝ որևէ մեկը այս պահին չգիտի, ինֆորմացիա չկա․․․ Եթե մենք չգիտենք ինչ է եղել, գնահատական տալ շատ դժվար կլինի»:

«Ժառանգություն»-ում չգիտեն, թե ում նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ երեկ հրապարակած հոդվածում պնդելով, որ մեղքի բաժին ունեն Ծառուկյանի կուսակից «խառնակիչները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ ուրբաթ հավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում:

«Մի օրվա գործ չէ, տևական պայքարի պատրաստվեք», - հրապարակում հավաքված համակիրներին հորդորեց «Ժառանգության» առաջնորդը և շարունակեց․ - «Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների: Հրաժարական տո՛ւր, դո՛ւր արի: Ինձ բնավ կարևոր չէ Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահի անունը: Հաստատ ձեզ կասեմ, որ իմ անունը չի լինելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաև, որ իր կուսակիցները ներկա կլինեն Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքին, իսկ «Ժառանգության» հիմնական, կազմը այդ օրը մեկնելու է սահմանամերձ Չինարի:

XS
SM
MD
LG