Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյանը «քաղաքական տեռոր է» որակում ԲՀԿ-ի դեմ արշավը


Լևոն Զուրաբյանը «քաղաքական տեռոր է» որակում ԲՀԿ-ի դեմ արշավը
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի համար անհասկանալի է, թե ինչու են ոմանք չարախնդում Ծառուկյանի հետքայլից հետո։

Գագիկ Ծառուկյանին Իվանիշվիլի հետ համեմատած Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը ըմբռնումով է ընդունել փետերվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը: Ավելին՝ Կոնգրեսը շարունակելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցներով կանխել ԲՀԿ-ի նկատմամբ բռնությունները։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու են ոմանք չարախնդում Ծառուկյանի հետքայլից հետո։ Զուրաբյանի խոսքով, ԲՀԿ-ի դեմ արշավը քաղաքական տեռոր է, որից տուժելու է ողջ ընդդիմադիր դաշտը, և հենց դա է պատճառը, որ ՀԱԿ-ը չի քննադատում գործընկեր կուսակցության որոշումը․ - «Մարդիկ ելել են պայքարի և հարվածներ են ստացել, ցավոտ հարվածներ, ծանր հարվածներ, միգուցե հարվածներ, որոնց անգամ պատրաստ չեն եղել: Մենք, հակառակը, պետք է բոլորիս առողջ ինստինկտը մեզ հուշեր, որ սա առիթ է համախմբվելու»:

Զուրաբյանը չի կիսում այն տեսակետը, թե Ցեղասպանության համահայկական հռչակագրի շուրջ Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը թիկունքից հարված էր Գագիկ Ծառուկյանին։ Զուրաբյանը պնդում է, որ հետին թվով հրապարակած նամակով առաջին նախագահը, ընդհակառակը, փորձել է ճնշում գործադրել Սերժ Սարգյանի վրա՝ նշելով, որ հանդիպումն անիրագործելի է, քանի դեռ շարունակվում են ճնշումները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ - «Տեր-Պետրոսյանի այս դիմումը ինչ-որ չափով նաև Սերժ Սարգսյանի ձեռքերը այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածել «Բարգավաճ Հայաստան»-ին, չկարողանա այն տեռորը, որ կիրառվում է «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ, ծավալել»:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ - ՀՀԿ հրադադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ եթե վերջինս տա իր համաձայնությունը, Լևոն Զուրաբյանն արձագանքեց․ - «Ես չեմ էլ կարող ասել Սերժ Սարգսյանը կմնա՞ մինչև ապրիլի 24-ը Հայաստանի նախագահ, չի՞ մնա․․․ Այդ հարցերը շատ տեսական բնույթ են կրում այս պահին»:

Հայ ազգային կոնգրես կուսակցությունում վստահեցնում են, որ ռեժիմի դեմ պայքարը շարունակվում է՝ միաժամանակ չհստակեցնելով, թե այդ պայքարում շարունակում են արդյոք իրենց կողքին տեսնել Գագիկ Ծառուկյանին։

Մարտի 1-ին կոնգրեսը կանցկացնի հանրահավաք, որտեղ ելույթ կունենա նաև Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, Զուրաբյանը չգիտի։ Հանրահավաքով Կոնգրեսը փորձելու է վերացնել հուսահատության, կասկածամտության տրամադրությունները և ամեն ինչ անելու է համախմբելու ու վերակազմավորելու ընդդիմության ուժերը։

«Ընդդիմություն ասելով՝ ես նկատի ունեմ այն ուժերին, ովքեր պատրաստ են պայքարել ռեժիմի դեմ, ոչ թե պատրաստ են այլ ուժերին խփել ինչ-որ կասկածելի առիթներով», - ասաց Զուրաբյանը

Վաղը Ազատության հրապարակ կգա եռյակի մեկ այլ կուսակցության՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հայտարարությունները՝ նշելով, թե ամեն ինչ շատ պարզ է ու տեսանելի։

Իսկ հարցին, թե իշխանափոխության ինչ ճանապարհ է ընտրելու «Ժառանգություն»-ը և շարունակելու է արդյոք համագործակցությունը հանրահավաքային պայքարը չեղյալ հայտարարած ԲՀԿ-ի ու դրա առաջնորդի հետ, Փոստանջյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա վաղը Րաֆի Հովհանիսյանը, ով, ըստ Փոստանջյանի, մինչև այժմ փորձում էր համախմբել ընդդիմադիր քաղաքական դաշտը․ - «Տեսնում ենք, որ քաղաքական ուժերից ոմանք ի զորու չեն գնալ մինչև վերջ․․․ Մենք մեր ճանապարհը գնալու ենք: Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է դեպի այն Հայաստան, որը բոլորինս է»:

XS
SM
MD
LG