Խորհրդարանական երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն-ը» և «Հայ ազգային կոնգրես»-ը որոշել են առաջիկա ուրբաթ՝ փետրվարի 20-ին, հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այս մասին հայտնի դարձավ կուսակցությունների առաջնորդների՝ այսօր երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո:
Եռյակի հրապարակած միասնական հայտարարությունում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումն անցկացվել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով, քննարկվել է Հայաստանում ստեղծված «ներքաղաքական արտակարգ իրավիճակը»: Վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» օրենքը՝ քաղաքական երեք ուժերը ծրագրված հանրահավաքը բնորոշում են «շտապ համազգային հավաք», որի նպատակն է քաղաքացիների հետ միասին որոշում կայացնել ու հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ ըստ այս օրենքի շտապ հավաքները իրազեկում չեն պահանջում:
Առայժմ չի հաղորդվում, թե մասնավորապես որտեղ են բանակցությունների սեղանների շուրջ նստել Լևոն-Տեր Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Համենայնդեպս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի տարածքը մարդաշատ չէր, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ Ծառուկյանն իր առանձնատանն է ընդունել երկու լիդերներին:
Եռյակի ղեկավարների այսօրվա հանդիպման մասին հայտնի էր դեռ շաբաթասկզբին, մինչև Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթը: Այն մասին, որ Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը և Հովհաննիսյանը կիրակի օրը քննարկելու էին առաջիկա անելիքները հաղորդվեց Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական խորհրդաժողովից հետո:
Իրադարձությունների անակնկալ զարգացումից հետո, սակայն, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը նաև ուրբաթ օրը հանդիպեց «Ժառանգության» և «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարների հետ, բայց առանձին-առանձին: Այսօրվա բանակցությունները եռակողմ էին: Մատնացույց անելով Սերժ Սարգսյանի ելույթը՝ Գագիկ Ծառուկյանի կուսակիցները հայտարարել են, թե Եռյակը հանրահավաքային ալիք պետք է սկսի՝ անհապաղ իշխանափոխության հասնելու համար: Իշխող հանրապետականի նիստից հետո երեք կուսակցությունները առաջին անգամ նիստ գումարեցին: Սերժ Սարգսյանի գնահատականների վերաբերյալ միասնական դիրքորոշում կներկայացվի ուրբաթօրյա հանրահավաքի ժամանակ: